4 մարտի 2022 - 13:33 AMT
Մակրոնը Փաշինյանին Փարիզ է հրավիրել՝ հայ-ֆրանսիական ֆորումին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղած ուղերձում հրավիրել է նրան Փարիզ՝ մասնակցելու ֆրանս-հայկական համագործակցության դերակատարների հանդիպմանը։

Ֆորումը կայանալու է մարտի 9-ին և կոչված է հնարավորություն տալու նախանշել երկարաժամկետ կառուցվածքային նախագծեր։

«Դարեր շարունակ ֆրանսիացի և հայ ժողովուրդներին կապող սերտ բարեկամության շնորհիվ մեր երկու երկրները վերջին երեք տասնամյակների ընթացքում կառուցել են ամուր, բազմազան և խոստումնալից գործընկերություն՝ հանուն ապագայի:

Ուրախ եմ, որ մեր քաղաքական, մշակութային և տնտեսական շփումները շարունակում են էլ ավելի ամրապնդվել՝ շնորհիվ տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի ընդունման, համաճարակային ճգնաժամի դեմ պայքարում Հայաստանին աջակցություն ցուցաբերելու նպատակով պատվաստանյութի չափաբաժինների տրամադրման, ինչպես նաև վերջերս Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի ստեղծման։

Այս օրը նշելու և մեր ընդհանուր հավակնությունն իրագործելու համար, ցանկացա մարտի 9-ին Փարիզում կազմակերպել հանդիպում ֆրանս-հայկական համագործակցության դերակատարների մասնակցությամբ։ Երկխոսության այս հարթակը, որի նպատակը հաստատակամորեն դեպի ապագա ուղղորդելն է, կմիավորի ֆրանսիացի և հայ բարձրաստիճան պաշտոնյաների, տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, ասոցիացիաների, ինչպես նաև բազմաթիվ անհատների ամենատարբեր բնագավառներից: Այն հնարավորություն կընձեռի բոլոր նրանց, ովքեր կյանքի են կոչում մեր մշակութային, գիտական և տնտեսական հարաբերությունները, նախանշել երկարաժամկետ կառուցվածքային նախագծեր՝ նպաստելու Հայաստանի կայուն զարգացմանն ու բարգավաճմանը՝ շեշտը հատուկ դնելով Ձեր երկրի երիտասարդության վրա։ Ուրախ կլինեմ այս առիթով ընդունել Ձեզ Փարիզում՝ նշելու մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։

Կարող եք ապավինել Ֆրանսիայի վճռական մոբիլիզացմանը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման նպատակով դեէսկալացիոն միջոցառումների ընդունմանը և իրականացմանը»,-ասվում է ուղերձում։

Մակրոնը նաև հավաստիացրել է, որ Ֆրանսիան լիովին հանձնառու կլինի առաջիկա տարիներին երկու երկրների գործընկերության ամրապնդմանը` դիմագրավելու ժամանակակից աշխարհի բազմաթիվ մարտահրավերներին: