7 մարտի 2022 - 11:14 AMT
Աղբյուր․ Պուտինը Մակրոնին ասել է` կհասնի իր նպատակներին՝ «բանակցություններով, թե պատերազմով»

Ելիսեյան պալատում աղբյուրի համաձայն՝ մարտի 6-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հերթական հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը Մակրոնին ասել է, որ հասնելու է իր նպատակին՝ «բանակցություններով կամ պատերազմով», հայտնում է RFI-ը։

Նշվում է՝ Մակրոնը կարծիք է հայտնել, թե Պուտինը շատ վճառական է տրամադրված իր նպատակին հասնելու հարցում։

Նշվում է նաև, որ Մակրոնի հետ զրույցում Պուտինը ժխտել է, որ ռուսական բանակը «թիրախավորում է խաղաղ բնակիչներին»։ Ըստ աղբյուրի՝ ՌԴ նախագահն ասել է, որ «ուկրաինացիներն են պատասխանատու, որ շրջափակված քաղաքների բնակիչները հեռանան»։ Մակրոնը պատասխանել է, որ «գրոհող բանակը ռուսականն է «և ինքը հիմքեր չունի կարծելու, թե ուկրաինական զորքերը վտանգի են ենթարկում խաղաղ բնակիչներին»։

Պուտինը նաև հավաստիացրել է, որ ռուսական կողմը մտադրություն չունի ռմբակոծելու ուկրաինական ԱԷԿ-ները, «նման բան չկար իր մտադրություններում»։ Ռդ նախագահը նաև հավաստիացրել է, որ պատրաստ է պահպանել ՄԱԳԱՏԷ-ի չափանիշները՝ կայանների պաշտպանության հարցում։

Ելիսեյան պալատի պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է՝ Մակրոնն ասել է Պուտնին, որ միջուկային ռիսկերը բացառելու համար «կոնկրետ միջոցներ է պետք ձեռնարկել» և որ Ուկրաինայի քաղաքացիական միջուկային օբյեկտների անվտանգությունը պետք է երաշխավորվի ըստ ՄԱԳԱՏԷ-ի կանոնների։ Նշվում է, որ «ՌԴ նախագահը համակարծիք է եղել, որ ՄԱԳԱՏԷ-ն այդ ուղղությամբ պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի»։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հրդեհը Զապորոժիեի ԱԷԿ-ում մարվել է, ռեակտորները չեն վնասվել։ Զապորոժիեի ռազմաքաղաքացիական վարչակազմը հայտարարել է, որ ռադիացիոն ֆոնը նորմայի մեջ է։ Զապորոժիեի ռազմաքաղաքացիական վարչակազմը հայտնել է նաև, որ ԱԷԿ-ը գտնվում է ռուսական զորքերի վերահսկողության տակ։ Զոհեր ու վիրավորներ չկան։