7 մարտի 2022 - 13:01 AMT
Աղաջանյան․ Բոլոր հնարավորությունները կան, որ ցանկացողներն Ուկրաինայից ՀՀ վերադառնան

Բոլոր հնարավորությունները ստեղծված են, որպեսզի Ուկրաինայում բնակվող հայերը, որոնք ՀՀ վերադառնալու ցանկություն ունեն, հայրենիք գան։ ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտնել է ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը` անդրադառնալով հայ համայնքի խնդիրներին։

«Բոլոր հնարավորությունները կան, որ արևմտյան կողմից Ուկրաինայի հետ սահմանակից պետությունների միջոցով մեր հայրենակիցները վերադառնան ՀՀ»,–ասել է նա, գրում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով` Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունն ակտիվորեն աշխատում է հայ համայնքի հետ, որպեսզի վերջիններիս անվտանգությունն ապահովի։

Դեսպանության աջակցությամբ հայ համայնքի ներկայացուցիչները վտանգավոր տեղերից տարհանվել են, իսկ մեր դեսպանությունն էլ Կիևից Լվով է տեղափոխվել։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։