7 մարտի 2022 - 13:14 AMT
Netflix-ը կասեցնում է աշխատանքը ՌԴ-ում

Netflix սթրիմինգային ծառայությունն Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով որոշել է կասեցնել աշխատանքը Ռուսաստանում։

«Հաշվի առնելով իրական իրավիճակը՝ որոշել ենք կասեցնել մեր աշխատանքը Ռուսաստանում»,- հայտարարել է Netflix-ի մամուլի քարտուղարը, հայտնում է BBC-ն։

Մի քանի օր առաջ Netflix-ը դադարեցրել էր իր բոլոր ռուսաստանյան նախագծերը, այդ թվում ռուսաստանցիների մասնակցությամբ սեփական ֆիլմերի նկարահանումները։

Netflix-ում փոքր բաժանորդավճարի դիմաց կարելի է հարյուրավոր ֆիլմեր և սերիալներ դիտել առցանց։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։

Photo. Getty Images