7 մարտի 2022 - 14:36 AMT
Գերմանացի գրողներ․ «Թշնամին Պուտինն է, ոչ թե Պուշկինը»

Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժմանն ի պատասխան ամեն ռուսականի արգելումը «խելագարության հաղթանակը կլինի իմաստի և մարդկայնության հանդեպ», քանի որ ռուսաստանցիներից շատերը ևս տառապում են «Պուտինյան պարանոյայից և ամբողջատիրության մասին երազանքներից»։ Այդ մասին ասվում է գերմանացի գրողների հայտարարության մեջ, հայտնում է BBC-ն։

Նման հայտարարությամբ է հանդես եկել միջազգային PEN ակումբը։

Գրողների, բանաստեղծների և լրագրողների միավորումը գլխավորող Դենիզ Յուջելը հայտարարել է, որ «թշնամին Պուտինն է, ոչ թե՝ Պուշկինը»։ «Չի կարելի տրվել ստոր մղումներին և թշնամաբար վերաբերվել բոլոր ռուսաստանցիներին»,-ասել է նա։

Ռուս հեղինակների գրքերի և ռուսական պիեսների բեմադրությունների բոյկոտը նա անվանել է իրական գործողությունները սիմվոլիկ ժեստերով փոխարինելու փորձ և կոչ արել պայքարել Պուտինի դեմ պատժամիջոցներով, ոչ թե ռուսական մշակույթի արգելքներով։

«Տոտալ արգելքը նաև հարված կլինի մեր համարձակ ռուսաստանցի կոլեգաներին, որոնք դեմ են հանդես գալիս Պուտինի ամոթալի բռնապետությանն ու այս պատերազմին»,-ասվում է հայտարարության մեջ։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։