10 մարտի 2022 - 11:54 AMT
Արցախին գազ դեռ չի մատակակարվում. Բանակցում են ադրբեջանական կողմի հետ

ՀՀ-ից Արցախ մտնող գազատարի վնասված հատվածում «Արցախգազ» ՓԲԸ մասնագետների կողմից վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար ադրբեջանական կողմի հետ տարվում են բանակցություններ, որոնց ներգրավված են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչներ և Անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցներ։

Ներկա դրությամբ բանակցությունները շարունակվում են։ Ընթացքի մասին հանրությանը կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ, հայտնում է Արցախի ԱԽ-ն։

Մարտի 7-ի լույս 8-ի գիշերը Հայաստանից Արցախ մտնող գազատար խողովակաշարի վնասման հետևանքով Արցախի Հանրապետությունում դադարեցվել է գազամատակարարումը։

Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։

Ավելի վաղ Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանն Արմենպրեսին ասել էր, որ Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորները մարտի 9-ի առավոտից սկսել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշի-Լիսագոր-Բերձոր հատվածում վթարված գազատարի տարածքում ականազերծման աշխատանքները, որից հետո կմեկնարկեն գազատարի վերականգնման աշխատանքները:

Ավելի վաղ ԱՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ադրբեջանական կողմը խոչընդոտներ է հարուցում «Արցախգազ» ՓԲ ընկերության մասնագետների կողմից վթարի վայրում վթարավերականգնողական աշխատանքների կատարմանը։ ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից նույնպես միջոցներ են ձեռնարկվում խափանման պատճառները պարզելու, այդ թվում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հնարավոր դիվերսիոն կամ վնասարար դրսևորումները և հանցավոր արարքները վեր հանելու ուղղությամբ: