ԱՄՆ-ն Ուկրաինային $13․6 մլրդ-ի օգնություն կտրամադրի, Կանադան՝ զենք ու սպառազինություն

ԱՄՆ-ն Ուկրաինային $13․6 մլրդ-ի օգնություն կտրամադրի, Կանադան՝ զենք ու սպառազինություն

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային $13․6 մլրդ օգնության հատկացմանը։

Այդ գումարից 6․5 մլրդ դոլարը կհատկացվի Պենտագոնին՝ Ուկրաինային ռազմական աջակցության նպատակով, իսկ մնացած գումարը՝ այլ գերատեսչություններին հումանիտար և տնտեսական օգնության համար, գրում է BBC-ն։

Այս ֆինանսական աջակցությունը 2022 ֆինանսական տարվա համար դաշնային կառավարության ֆինանսավորման մասին օրինագծի մաս է կազմում։

Սենատում բյուջեի նախագիծը դեռ քննարկման չի դրվել, սակայն, ակնկալվում է, որ նախագծին հավանություն կտրվի։

Կանադան իր հերթին հայտարարել է, որ 50 մլն դոլարի զենք և սպառազինություն կուղարկի Ուկրաինա՝ այդ թվում կանադական տեսախցիկներ, որոնք տեղադրվում են ռազմական ԱԹՍ-ների վրա։ Այդ մասին հայտարարել է Կանադայի պաշտպանության նախարար Անիտա Անանդը։

Մինչդեռ Մեծ Բրիտանիան անհատական պատժամիջոցներ է սահմանել ՌԴ մի շարք քաղաքական գործիչների և գործարարների դեմ, որոնց թվում են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, «Ռոսնեֆտի։ ղեկավար Իգոր Սեչինը, «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը, ՎՏԲ բանկի նախագահ Անդրեյ Կոստինը և այլոք։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---