11 մարտի 2022 - 14:16 AMT
Պուտինը համաձայն է Ուկրաինա կամավորներ ուղարկելու առաջարկին, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Ուկրաինա կամավորներ ուղարկելու առաջարկին, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից։

Անվտանգության խորհրդի անդամների խորհրդակցության ժամանակ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Մերձավոր Արևելքից Դոնբասում հատուկ գործողությանը որպես կամավոր մասնակցելու մոտ 16,000 ցանկացող կա, գրում է ՏԱՍՍ-ը։

Պուտինն ասել է, որ կամավորներին Մերձավոր Արևելքից, որոնք պատրաստ են օգնել ՌԴ-ին Ուկրաինայում, հարկավոր է օգնել հասնել մարտական գործողությունների գոտի՝ նշելով, որ Կիևի արևմտյան հովանավորները «բացահայտ կերպով վարձկաններ են ուղարկում Ուկրաինա՝ անտեսելով միջազգային իրավունքի նորմերը»։

«Եթե տեսնում եք, որ կան մարդիկ, որոնք ցանկանում են կամավոր, առավել ևս առանց վարձատրության, գալ և օգնել Դոնբասում ապրող մարդկանց, դե ինչ՝ պետք է նրանց ընդառաջել և օգնել մարտական գործողությունների գոտի հասնելու հարցում»,-ասել է Պուտինը ԱԽ մշատական անդամների հետ խորհրդակցության ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ ավելի քան 20, 000 հայտ են ստացել այն օտարերկրացիներից, որոնք ցանկանում են մասնակցել հակամարտությանը Ուկրաինայի կողմից։

Photo. TASS