Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 5-րդ տեղն է զբաղեցրել Եվրոպայի առաջնության թիմային ստուգարքում

PanARMENIAN.Net - Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ավարտել է իր ելույթներն Ազատ ոճի եւ հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում, որն ընթանում է Վիլնյուսում մարտի 31-ից ապրիլի 5-ը: Ազատ ոճի հայ ըմբշամարտիկներն արժանացել են մեկ արծաթե եւ երկու բրոնզե մեդալների:



Մրցումների առաջին օրը` մարտի 31-ին 120 կգ քաշային կարգով ելույթ ունեցող ազատ ոճի հայ ըմբշամարտիկ Ռուսլան Բասիեւը , հերթական հաղթանակ տանելով լատվիացի Սերգեյս Ջոմինսի, վրացի ըմբշամարտիկ Դավիթ Օտիաշվիլու հանդեպ, կիսաեզրափակիչում հաղթելով ուկրաինացի Վասիլի Տեսմինեցկուն` դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ, որտեղ դիրքերը զիջել է ադրբեջանցի ըմբշամարտիկ Ալի Իսաեւին` այդպիսով նվաճելով արծաթե մեդալ:



Բրոնզե մեդալների արժանացել են Ժիրայր Հովհաննիսյանն (ք/կ 66 կգ) ու Էդգար Ենոքյանը (ք/կ 96 կգ): Հայաստանի մյուս ներկայացուցիչներն անհաջող են ելույթ ունեցել եւ մեդալներ չեն ստացել: Այդպիսով, Հայաստանի հավաքականը, հավաքելով 38 միավոր, թիմային ստուգարքում զբաղեցրել է 5-րդ տեղը: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Ադրբեջանի հավաքականը` հավաքելով 63 միավոր: Երկրորդ տեղում է Ռուսաստանի հավաքականը` 43 միավորով, այնուհետեւ Ուկրաինան`41 միավորով: Չորրորդ տեղում է Թուրքիայի հավաքականը` 41 միավորով:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---