Զենքի մատակարարմամբ զբաղվող «Պատրոն Դավոն» ազատ է արձակվել

Զենքի մատակարարմամբ զբաղվող «Պատրոն Դավոն» ազատ է արձակվել

PanARMENIAN.Net - Վերաքննիչ դատարանն ազատ է արձակել զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանին՝ «Պատրոն Դավոյին»։ Տեղեկությունը հայտնել է նրա պաշտպան Արմեն Անդրիկյանը, գրում է Sputnik Արմենիան։

Նա տեղեկացրել է, որ դատարանը Գալստյանին ազատ է արձակել 50 մլն դրամ գրավի դիմաց` բավարարելով պաշտպանների բողոքը։

«Մենք արդեն ստացել ենք դատարանի որոշումը, և գումարը վճարելուց հետո նա ազատ կարձակվի», - ասել է Անդրիկյանը։

2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Իսկ ավելի վաղ ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։

Նշվում էր, որ նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ: Սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված են։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---