Փոխնախարար․ ՀՀ ԶՈւ նպատակը հարևանների հանդեպ ագրեսիան չէ, բայց «անատամ լինելու» մասին խոսք չկա

Փոխնախարար․ ՀՀ ԶՈւ նպատակը հարևանների հանդեպ ագրեսիան չէ, բայց «անատամ լինելու» մասին խոսք չկա

PanARMENIAN.Net - Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, ասել է, որ ՀՀ զինված ուժերը չեն ստեղծվել ագրեսիայի նպատակով, բայց նպատակը «անատամ բանակ» ունենալը չէ։

Մանուկյանը մի հատված է ընթերցել 2021-ին հաստատված պաշտպանական գերատեսչությունում բարեփոխումների իրականացման ճանապարհային քարտեզից, որտեղ ասվում է, թե «հայեցակարգը Զինված ուժերը զարգացնելու ու վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ՝ ագրեսիայից պաշտպանվելու»։

«Մեր զինված ուժերը երբևէ ագրեսիայի նպատակ ունեցող Զինված ուժեր են եղե՞լ, որ հիմա էլ հայեցակարգով ուզում են ոչ ագրեսոր Զինված ուժեր ձևավորել։ Թե՞ ուղղակի ուզում են անատամ ԶՈւ, որը նույնիսկ պաշտպանությունից հակահարձակման ի վիճակի չի լինի անցնել», - հարցրել է Մանուկյանը։

Փոխնախարարը պատասխանել է, որ նպատակը, «բնականաբար, «անատամ բանակ» ունենալը չէ, այլ ֆիքսելն է, որ ՀՀ զինված ուժերը չեն ստեղծվելու ագրեսիայի նպատակով»։

«Անատամ լինելու մասին խոսք լինել չի կարող, պետությունն ամեն ինչ անում է, որ Զինված ուժերը լինեն մարտունակ ու հնարավոր հակահարված տալու ընդունակ», - հավելել է նա։

«Նախորդիվ, եթե նույնիսկ ամրագրված չի եղել, բնականաբար, այն ժամանակ էլ Զինված ուժերի նպատակը չի եղել ագրեսիվ գործողություններ կամ այդպիսի այլ բնույթի մարտավարություն ունենալը»,-ասել է Սարգսյանը։

Ավելի վաղ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ-ում հայտարարել էր, որ ԶՈւ բարեփոխման հայեցակարգի բովանդակությունն այդքան էլ ընդունելի չի եղել իր համար և այն ուղարկվել է վերախմբագրման:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---