ԿԲ նախագահ․ ՀՆԱ-ի աճի մասով կանխատեսումը 5.3%-ից իջեցվել է 1.6%-ի

ԿԲ նախագահ․ ՀՆԱ-ի աճի մասով կանխատեսումը 5.3%-ից իջեցվել է 1.6%-ի

PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է, որ ՀՆԱ-ի աճի մասով կանխատեսումները նախկին 5.3%-ի փոխարեն իջեցվել են 1.6%-ի, ինչը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության ճյուղի զարգացումներով։

Նրա խոսքով՝ տարեսկզբին ԿԲ-ն կանխատեսում էր, որ արդյունաբերության ճյուղը պետք է 2022 թվականաին աճեր 1.6%-ով, բայց նոր զարգացումներով նկատվում են որոշակի խնդիրներ հանքարդյունաբերությունում, մշակող արդյունաբերությունում, հայտնում է Panorama.am-ը։

Գալստյանը հայտնել է, որ նոր գնահատականներով արդյունաբերության ճյուղում կգրանցվի 4.7% անկում, շինարարության ճյուղում ևս անկում է նախատեսվում, իսկ միակ ոլորտը, որտեղ դրական զարգացում է լինելու, գյուղատնտեսությունն է:

Պատասխանելով ՌԴ-ի դեմ միջազգային պատժամիջոցների ներքո Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու վերաբերյալ հարցին՝ ԿԲ նախագահն ասել է. «Մենք հետևելու ենք միջազգային սանկցիաների ռեժիմին, ունենք որոշակի փորձ այդ առումով և կարծում ենք, որ մեր այսօրվա հիմնական առաքելությունը Հայաստանի ֆինանսական համակարգն անաղարտ պահելու մեջ է կայանում»:

Գալստյանը նաև հայտնել է, որ Հայաստանի բոլոր բանկերում Visa և Mastercard քարտերը բնականոն կերպով սպասարկվում են և միայն մեկ բանկում խնդիր կա, որն ընկել է պատժամիջոցների տակ:

ՀՀ գլխավոր դրամատան ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել իր թիմին՝ արդյունավետ աշխատանքի համար։

«Մենք այսօր կարողանում ենք ձեզ ներկայացնել թվեր մի իրավիճակում, երբ տոտալ անորոշության մեջ ենք, իսկ այդ վիճակում թվային արտահայտությամբ խոսելն այսօրվա վիճակում հերոսություն է»,-ասել է նա:

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՄՆ-ն, Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---