16 մարտի 2022 - 12:48 AMT
Պատերազմի դեմ պաստառով ՌԴ Առաջին ալիքի եթերում հայտնված խմբագիրը տուգանվել է

ՌԴ Առաջին ալիքի եթերում պատերազմի դեմ պաստառով հայտնված խմբագիր Մարինա Օվսյաննիկովան տուգանվել է չարտոնված բողոքի ակցիաներ անցկացնելու կոչերի համար՝ 30,000 ռուբլով։ Որոշումը կայացրել է Մոսկվայի դատարանը։

Մարտի 14-ի երեկոյան ՌԴ Առաջին հեռուստաալիքի խմբագիր Մարինա Օվսյաննիկովան անսպասելի հայտնվեց «Վրեմյա» ծրագրի ուղիղ եթերում՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու կոչով պաստառը ձեռքին։ Դա տեղի ունեցավ այն պահին, երբ հեռուստահաղորդավար Եկատերինա Անդրեևան խոսում էր ՌԴ դեմ արևմտյան պատժամիջոցներին հակազդելու մասին։

Նրան տուգանել են ոչ թե եթերում հայտնվելու, այլ մինչ այդ տեսանկարահանված ուղերձի համար, որտեղ Օվսյաննիկովան մարդկանց կոչ է անում մասնակցել հանրային միջոցառման՝ «դուրս գալ հանրահավաքների»։ Օվսյաննիկովան իր մեղքը չի ընդունել, հայտնում է svoboda.org-ը։

«Մեր սերունդները չեն ձերբազատվի այդ եղբայրասպան պատերազմի խայտառակությունից։ Մենք՝ մտածող և խելացի ռուս մարդիկ ենք։ Միայն մենք կարող ենք կանգնեցնել այս խելագարությունը։ Դուրս եկեք հանրահավաքների, ոչնչից մի վախեցեք, նրանք չեն կարող բոլորին նստեցնել»,-ասել է նա։

Սոցցանցերը շատ բուռն արձագանքեցին Օվսյաննիկովայի ակցիային՝ ոմանք հիանում էին նրա արիությամբ, մյուսները քաղաքացիական սխրանք անվանում նրա արարքը, երրորդներն էլ կասկածներ էին հայտնում նրա անկեղծության առումով՝ պնդելով, որ դա բեմականացում էր և որ սյուժեն նախապես էր նկարահանվել, գրում է Deutsche Welle-ն։

ՌԴ Առաջին ալիքի կրեատիվ պլանավորման տնօրինության նախկին ղեկավար Ելենա Աֆանասևան, ասել է, որ դա իրոք ուղիղ եթեր էր և Օվսյաննիկովան կարող էր հայտնվել ստուդիայում, քանի որ Եկատերինա Անդրեևայի թիմի անդամ է։ «Կարծում եմ, և ալիքի և լրատվականի ղեկավարները խիստ դիտողություններ ստացել են Կրեմլում տեղեկատվական քաղաքականությամբ զբաղվողներից»,-ասել է նա՝ հավելելով, որ չի կարծում, թե դա բեմականացված միջադեպ էր։

ՌԴ Առաջին ալիքի եթերում Օվսյաննիկովայի պաստառին գրած էր՝ No War, և հետո ռուսերեն՝ «Կանգնեցրեք պատերազմը, մի հավատացեք քարոզչությանը, այստեղ ձեզ ստում են»: