Խրամորթի կանայք և երեխաները ժամանակավորապես այլ բնակավայրեր են տեղափոխվել

Խրամորթի կանայք և երեխաները ժամանակավորապես այլ բնակավայրեր են տեղափոխվել

PanARMENIAN.Net - Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող սադրանքների պատճառով Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից ժամանակավորապես այլ բնակավայրեր են տեղափոխվել գյուղի կանայք և երեխաները։ Այդ մասին ասվում է Ասկերանի շրջանի վարչակազմի հայտարարության մեջ։

«Տեղեկացնում ենք, որ նրանք դեռևս չեն վերադարձել հայրենի գյուղ, քանի որ իրականացվում են անվտանգային լրացուցիչ աշխատանքներ։

Այլ բնակավայրերի բնակիչների անվտանգության մասով որևէ նման խնդիր առկա չէ, և անհրաժեշտություն չկա լրացուցիչ նախազգուշական միջոցներ ձեռք առնել բնակչության կողմից:

ԱՀ Պաշտպանության բանակը և մնացած լիազոր մարմինները հետևում են իրավիճակին և, ըստ անհրաժեշտության, կձեռնարկեն անվտանգության համապատասխան միջոցառումներ»,-ասվում է հայտարարության մեջ:

Վերջին օրերին սրվել է իրավիճակը ՊԲ և ադրբեջանական զինուժի շփման գծում, հակառակորդը ծանր տեխնիկա է կուտակել Խրամորթ գյուղի մոտ։ Ադրբեջանցի զինծառայողները բարձրախոսներով «հորդորում են» մոտակա գյուղերի բնակիչներին հեռանալ։ Ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում մարտի լույս 8-ի գիշերը վնասվել է գազատարը, որը մինչ օրս դեռ վերականգնված չէ՝ ադրբեջանցիները խոչընդոտում են աշխատանքներին, նրանց հետ բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների մասնակցությամբ։

Մարտի 10-ին Խրամորթում խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Ականը պայթել է տան բակում՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս։ Մարտի 9-ին օրվա ընթացքում, այնուհետև՝ ամբողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերով, պարբերաբար խախտել են հրադադարը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---