16 մարտի 2022 - 14:45 AMT
Բադասյան․ Պարենային անվտանգության հետ կապված որևէ խնդիր Հայաստանը չի ունենա

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ պարենային անվտանգության հետ կապված Հայաստանը որևէ խնդիր չի ունենա։ Նա հավելել է, որ ներմուծումներ առաջիկայում հնարավոր կլինի կատարել Ռուսաստանից։

Բադասյանը տեղեկացրել է, որ Հայաստանը հացահատիկ, շաքարավազ ու ձեթ հիմնականում ներկրում է Ռուսաստանից, հայտնում է Aysor.am-ը։

«Բավական մեծ մասնաբաժին ունի նաև Ուկրաինան ու հիմա Ուկրաինայից հնարավոր չէ ներմուծումները կատարել։ Իսկ Ռուսաստանի Դաշնությունը որոշակի որոշումներ է կայացրել ու այդ հարցը առաջիկայում կքննարկվի», - նշել է Բադասյանը։

Նրա խոսքով՝ մարդիկ խանութներից չարդարացված մեծ գնումներ են արել, ինչի հետևանքով որոշ խնդիրներ են առաջացել. նույն խնդիրը կա նաև Ռուսաստանում, բայց որոշումները վեջնական արդյունքում բացասական ազդեցություն չեն ունենա Հայաստան ներկրվող ապրանքատեսակների վրա։

Դիտարկմանը, որ Ռուսաստանն էլ, կարծես, արդեն հացահատիկի պաշարի խնդիր ունի, այդ դեպքում ինչպե՞ս են Հայաստան ուղարկելու, ՊԵԿ նախագահն ասաց, որ ՌԴ-ում կան բավարար պաշարներ, որոնք կարող են ներմուծվել Հայաստան։

Ավելի վաղ ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարել էր, որ տնտեսական առումով, այսօր լրջագույն մարտահրավերներ ու խնդիրներ կան, որոնք կարող են տևել մինչև տարեվերջ: Վահագն Խաչատուրյանի խոսքով, ցորենի համաշխարհային գները 50 դոլարով բարձրացել են, նավթի գները նույնպես կարող են բարձրանալ, ինչը կրկին կհանգեցնի նոր գնաճի: Ըստ նրա շատ հարցեր փոխկապակցված են և հիմա ՀՀ կառավարությունը փորձում է «կծիկը բացել»:

ՌԴ-ն ժամանակավորապես կարգելի հացահատիկի արտահանումը ԵԱՏՄ երկրներ։ «Միջոցը ժամանակավոր է և գործելու է մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը՝ ցորենի, տարեկանի, գարու և եգիպտացորենի համար։ Բացառություն կարվի միայն ՌԴ տնտեսական զարգացման նախարարության կողմից տրված արտահանման լիցենզիաներով արտահանումների համար»,-ասվում է ՌԴ տնտեսական զարգացման նախարարության հաղորդագրության մեջ։