16 մարտի 2022 - 15:52 AMT
Պապիկյանն Իրանի դեսպանին է ներկայացրել իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին և Արցախում

Մարտի 15-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին է ներկայացրել իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագոտում և Արցախում։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Կողմերն անդրադարձել են հայ-իրանական երկկողմ համագործակցության հեռանկարներին, քննարկել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Վերջին օրերին սրվել է իրավիճակը ՊԲ և ադրբեջանական զինուժի շփման գծում, հակառակորդը ծանր տեխնիկա է կուտակել Խրամորթ գյուղի մոտ։ Ադրբեջանցի զինծառայողները բարձրախոսներով «հորդորում են» մոտակա գյուղերի բնակիչներին հեռանալ։ Ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում մարտի լույս 8-ի գիշերը վնասվել է գազատարը, որը մինչ օրս դեռ վերականգնված չէ՝ ադրբեջանցիները խոչընդոտում են աշխատանքներին, նրանց հետ բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների մասնակցությամբ։

Մարտի 10-ին Խրամորթում խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Ականը պայթել է տան բակում՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս։ Մարտի 9-ին օրվա ընթացքում, այնուհետև՝ ամբողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերով, պարբերաբար խախտել են հրադադարը։