Տեղահանված արցախցիները Ֆրանսիայի դեսպանատան մոտ կոչ են արել ճանաչել Արցախը

Տեղահանված արցախցիները Ֆրանսիայի դեսպանատան մոտ կոչ են արել ճանաչել Արցախը

PanARMENIAN.Net - Արցախից տեղահանվածները, կառավարության մոտ պահանջելով իշխանություններից լուծել Արցախի անվտանգային և հումանիտար խնդիրները, բողոքի ակցիան շարունակել են ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ կոչերով դիմեցին այդ երկրի իշխանությանը։

«Խնդրում ենք լիազորությունների շրջանակում դե յուրե ճանաչել դե ֆակտո Արցախի Հանրապետությունը, ապահովել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լիարժեք մասնակցությունը ԼՂ բանակցության գործընթացներին»,– ասել է ակցիայի մասնակից Հադրութ համայնքի ներկայացուցիչ Արտավազդ Ստեփանյանը, գրում է Sputnik Արմենիան։

Նա հիշեցրել է, որ 2021 թվականի հոկտեմբերի 26-ին համայնքի բնակիչներով դիմել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և խնդրել հումանիտար ապաստան տրամադրել իրենց երկրում։ Նամակի պատասխանը ստացել են 2022 թվականի փետրվարի 7-ին Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ լը Դրիանի անունից, որն առաջարկել է կապ հաստատել ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանության հետ։

Արցախից տեղահանվածները դեսպան Անն Լույոյին ուղղված նամակ են հանձնել դեսպանատանը` խնդրելով հանդիպում կազմակերպել «Հանուն Հադրութի» ՀԿ–ի նախագահ Լևոն Հայրիյանի, «Շուշիի հայրենակցական միություն» կազմակերպության նախագահ Աշոտ Հարությունյանի և Հադրութ համայնքի ներկայացուցիչ Արտավազդ Ստեփանյանի հետ` խնդրանքն ու հարցերը համատեղ քննարկելու նպատակով։

Նամակը գրված էր երկու լեզվով` հայերեն և ֆրանսերեն։

Ակցիայի մասնակիցները Ֆրանսիայի դեսպանատան մոտից շարժվել են ՌԴ դեսպանատուն։

Վերջին օրերին սրվել է իրավիճակը ՊԲ և ադրբեջանական զինուժի շփման գծում, հակառակորդը ծանր տեխնիկա է կուտակել Խրամորթ գյուղի մոտ։ Ադրբեջանցի զինծառայողները բարձրախոսներով «հորդորում են» մոտակա գյուղերի բնակիչներին հեռանալ։ Ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում մարտի լույս 8-ի գիշերը վնասվել է գազատարը, որը մինչ օրս դեռ վերականգնված չէ՝ ադրբեջանցիները խոչընդոտում են աշխատանքներին, նրանց հետ բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների մասնակցությամբ։

Մարտի 10-ին Խրամորթում խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Ականը պայթել է տան բակում՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս։ Մարտի 9-ին օրվա ընթացքում, այնուհետև՝ ամբողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերով, պարբերաբար խախտել են հրադադարը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---