ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի երիտասարդական կազմակերպությունները համատեղ ցույց կանեն ԱԳՆ մոտ

ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի երիտասարդական կազմակերպությունները համատեղ ցույց կանեն ԱԳՆ մոտ

PanARMENIAN.Net - Մարտի 17-ին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը և Հայաստանի Հանրապետական կուսակցության Երիտասարդական և ուսանողական կազմակերպությունները միասնական ակցիա են իրականացնելու արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց։

Ակցիան կայանալու է ժամը 13։00-ին։ Ցուցարարները նախարարության շենքի մոտից երթով շարժվելու են կառավարության շենք՝ կառավարության ղեկավարին «ևս մեկ անգամ հայտնելու, որ վերջինս հայ ժողովրդին նոր զիջումներ և կորուստների ոչ մի մանդատ չունի»։ Այդ մասին ասվում է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության հայտարարության մեջ։

«Հայաստանում խորացող համակարգային և Արցախում ստեղծված հումանիտար և անվտանգային ճգնաժամերի պայմաններում հայաստանյան դե ֆակտո իշխանությունները շարունակում են բացառապես թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկող գործողությունները՝ փորձելով հայ ժողովրդին կանգնեցնել ևս մեկ աղետի առջև։

Կոչ ենք անում մարտի 17-ին միանալ մեզ՝ հակազգային իշխանություններին և աշխարհին ցույց տալու, որ Հայաստանում դեռևս կան արժանապատվություն ունեցողներ, ովքեր ամեն կերպ կանխելու են պետականակործան այս գործընթացը»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ այս ճգնաժամը չի հաղթահարվելու մեկ ակցիայով կամ գործողությամբ։

«Բայց արդար զայրույթի ձայն ու պայքարի բռունցք բարձրացնելն արժանապատիվ հայ երիտասարդի պարտականությունն է և ավելի լավ Հայաստանի ու հայկական Արցախի միակ շանսը»,-ասվում է հայտարարության մեջ։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Ադրբեջանի հրապարակած խաղաղության պայմանագրի 5 սկզբունքին, հաստատել է, որ հենց այդ փաստաթուղթն է փոխանցվել հայկական կողմին: Նա նշել է, որ հայկական կողմի համար սկզբունքային և հիմնարար է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները և ազատությունները, վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների»,-ասել է Միրզոյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---