Կաշառք ստանալու կասկածանքով պարեկ է ձերբակալվել

Կաշառք ստանալու կասկածանքով պարեկ է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 3 աշխատակցի և 2 քաղաքացու նկատմամբ, պարեկներից մեկը ձերբակալվել է կաշառք ստանալու և այլ հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով։

Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ոստիկանության պարեկային ծառայության 4‑րդ գումարտակի պարեկ Ա. Ա.-ն, տեղեկանալով, որ առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոցը վարելու համար պարեկ Վ. Մ.-ի կողմից իր ծանոթի նկատմամբ 100,000 դրամ տուգանքի արձանագրություն է կազմվել, հիշյալ պարեկին դրդել է կատարել պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես, Վ. Մ.-ի կողմից արձանագրությունում նշվել է, թե իբրև քաղաքացին տուգանվել է երթևեկության ժամանակ հեռախոսակապից օգտվելու համար, որի արդյունքում 100,000 դրամի փոխարեն վերջինս տուգանվել է 10,000 դրամով, տեղեկացնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Այնուհետև հիշյալ քաղաքացին, տեղեկանալով իրավախախտման փաստը ոչ պատշաճ արձանագրելու և դրանով էականորեն նվազ չափով վարչական պատասխանատվության ենթարկվելու մասին, պարեկային ծառայության մեկ այլ պաշտոնատար անձի` Ա. Մ.-ի միջնորդությամբ, իր օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար, Ա. Ա.-ին տվել է կաշառք:

Բացի այդ, պարեկ Ա. Ա.-ն պարբերաբար չի արձանագրել մեկ այլ քաղաքացու` իր ծանոթ Գ. Մ.-ի կողմից կատարված ճանապարհային երթևեկության կանոնների տարբեր խախտումներ: Իր հերթին հիշյալ քաղաքացին նշված պարեկին տվել է կաշառք:

Մարտի 14-ին պարեկային ծառայության աշխատակից Ա. Ա.-ն ձերբակալվել է կաշառք ստանալու և այլ հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով: Վերջինիս բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ:

Նույն օրը ձերբակալվել է նաև պարեկին կաշառք տված քաղաքացի Գ. Մ.-ն, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ա. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 2‑րդ մասով (2 դրվագ) և 38‑314‑րդ հոդվածի 1‑ին մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման համար: Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Ա. Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Կաշառքի միջնորդություն և պաշտոնեական կեղծիք կատարած մյուս պարեկների, ինչպես նաև կաշառք տված ևս մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ, 314-րդ և 312-րդ հոդվածների 1-ին մասերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Վերջիններս տվել են խոստովանական ցուցմունքներ:

Նախաքննությունը շարունակվում է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---