2 ապրիլի 2009 - 18:06 AMT
Մայիսին Իսրայելի Քնեսեթում կարող է ներկայացվել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը
«Ես ոչինչ չեմ կարող ասել Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ Իսրայելի պաշտոնական քաղաքականության փոփոխման մասին, որովհետեւ չգիտեմ, թե ինչպիսին է երկրի նոր արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի դիրքորոշումը»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Քնեսեթում «Լիկուդ» կառավարող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Զեեւ Էլկինը: Բայց, նրա խոսքով, խորհրդարանի արձակուրդից հետո` մայիսին, պատգամավորներն անպայման կվերադառնան այդ հարցին: «Ամենայն հավանականությամբ Քնեսեթում կներկայացվի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ: Իսկ հետո` կտեսնենք»,- նշել է Էլկինը:

Ինչ վերաբերում է Լիբերմանի հայտարարությանն այն մասին, որ Իսրայելը չի կատարելու Աննապոլիսի համաժողովի պայմանավորվածությունները, ապա էլկինը նկատել է, որ ԱԳՆ ղեկավարն ընդամենը «հնչեցրել է Իսրայելի` իր կուսակցության համար ձայն տված քաղաքացիների տեսակետը»: «Բանակցություններն անհրաժեշտ են, բայց մենք տեսնում ենք, որ դրանք ոչնչի չեն բերում. ահաբեկչությունն ուժգնացել է, մեր քաղաքացիների անվտանգությունը սպառնալիքի տակ է: Նշանակում է` հարկավոր է փնտրել իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման այլ ճանապարհներ»,- ընդգծել է Էլկինը: