ՄԻՊ-ը ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողին ներկայացրել է Արցախում հումանիտար իրավիճակը

ՄԻՊ-ը ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողին ներկայացրել է Արցախում հումանիտար իրավիճակը

PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Փիթրս Յահիային ներկայացրել է վերջերս Արցախ կատարած այցի ընթացքում արձանագրված փաստերն ու հետևությունները, խոսել Արցախում առկա հումանիտար իրավիճակի մասին:

Այս համատեքստում Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է ավելի քան մեկ շաբաթ տևող Արցախի գազամատակարարման փաստացի դադարեցման ու այդ ֆոնին ենթադրյալ խափանումը վերականգնելուն Ադրբեջանի կողմից խոչընդոտելուն, ինչի արդյունքում ավելի քան 100,000 մարդ եղանակային ցուրտ պայմաններում զրկվել է ջեռուցման հնարավորությունից:

Նշվել է, որ արդյունքում խախտված են անձանց կրթության, առողջության պահպանման իրավունքները: Գրիգորյանը նշել է, որ մինչ այս պահը գազամատակարարումը դեռ վերականգնված չէ, և այդ ֆոնին էլեկտրաէներգիայի հաճախակի դադարումներն անտանելի պայմաններ են ստեղծում մարդկանց կյանքի համար:

ՄԻՊ-ը ներկայացրել է նաև Արցախի սահմանային գյուղերում տիրող իրավիճակը, հատուկ անդրադարձել է կատարվել Խրամորթ և մի շարք այլ գյուղերի բնակչության նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից շարունակվող ահաբեկման գործողություններին, որոնք ուղեկցվում են ինտենսիվ կրակոցներով՝ նաև ցավալիորեն հանգեցնելով խաղաղ բնակիչների շրջանում վիրավորումների:

Պաշտպանը նշել է, որ այդ ամենն ադրբեջանական կողմից հետևողական կերպով իրականացվող էթնիկ ատելության քաղաքականություն է՝ միտված Արցախի հայաթափմանը:

Պաշտպանը մտահոգություն է հայտնել, որ միջազգային կազմակերպություններին ուղղված իր կոչերն ու փաստերի ներկայացումը համարժեք արձագանք չեն ստանում հատկապես այն ֆոնին, երբ մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կազմակերպություններն Արցախում իրավիճակին ծանոթանալու հնարավորություն չունեն, ինչը այլ զարգացումների ֆոնին օբյեկտիվորեն հարցեր է առաջացնում հայ հասարակության շրջանում:

Յահիան կարևորել է Պաշտպանի կողմից ՄԱԿ մարդու իրավունքների մեխանիզմներն օգտագործելու հետևողականությունը:

Գազատարը վնասվել էր ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում մարտի լույս 8-ի գիշերը՝ ադրբեջանցիները խոչընդոտում էին աշխատանքներին, 8 օր շարունակ նրանց հետ բանակցություններ էին ընթանում ռուս խաղաղապահների մասնակցությամբ։ Մարտի 16-ին հայտարարվեց, որ ադրբեջանական կողմը սկսել է գազատարի նորոգումը։ Մարտի 18-ին հայտարարվեց, որ նորոգման աշխատանքներն ավարտվել եսն, սակայն, գազը բաժանորդներին կմատակարարվի մարտի 19-ից։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---