21 մարտի 2022 - 13:21 AMT
ՀԿԵ-ն 2022-ին 2․6 մլրդ դրամից ավելի կուղղի ենթակառուցվածքի զարգացմանը

2022 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ավելի քան 2․6 մլրդ դրամ կուղղի ենթակառուցվածքի զարգացման և տնտեսության պահպանման ծրագրերին, ինչը դրական կանդրադառնա երկաթուղու անվտանգության մակարդակի վրա: Այս մասին նշվել է ՀԿԵ Տեխնիկական-տեխնոլոգիական խորհրդի նիստի ընթացքում, որը նվիրված էր 2021 թվականի ենթակառուցվածքի զարգացման ծրագրի և ընթացիկ ծրագրերի իրականացմանը:

Մասնավորապես, 2․4 մլրդ դրամ կներդրվի գծային տնտեսության ոլորտում, մոտ 200 մլն դրամ ՝ էլեկտրաֆիկացման և էներգամատակարարման ոլորտում։ 60 մլն դրամ կուղղվի ավտոմատացման, տելեմեխանիկայի և կապի տնտեսությանը։

2022-ին նախատեսվում է գծի կապիտալ վերանորոգում՝ ընդհանուր 8 կմ ծավալով: Ամբողջ գծի երկարությամբ նախատեսվում է փոխարինել 17,500 երկաթբետոնյա կոճ և 5000 փայտե կոճ: Երկաթուղու անվտանգության բարձրացման նպատակով ընթացիկ տարում նախատեսվում է նաև շարունակել չարտոնված անցումների վերացման քաղաքականությունը, որին ընկերությունն ակտիվորեն ձեռնամուխ է եղել 2021-ին:

Ինչպես նիստի ընթացքում նշել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, երկաթուղային տնտեսության արդիականացումն ու զարգացումը հանդիսանում է ընկերության գործունեության առանցքային ուղղություններից մեկը, քանի որ դրանով բարձրանում է երկաթուղու անվտանգության մակարդակը:

«Չնայած գծի վիճակի բալային գնահատման բարձրացմանը, որը մենք արձանագրում ենք ամեն տարի, ընթացիկ տարվա պլանները պետք է կատարվեն ամբողջությամբ և ժամանակին։ Խոսքը գնացքների երթևեկության անվտանգության մասին է, և, համապատասխանաբար, ընկերության գործընկերների և քաղաքացիների վստահության մասին», - նշել է Մելնիկովը։