ՀՀ և ԱՀ ՄԻՊ-եր․ Բաքվի գործողությունները լավագույնս բնորոշում են «հանդուրժողականության» թեզերի կեղծ ու սնանկ էությունը

ՀՀ և ԱՀ ՄԻՊ-եր․ Բաքվի գործողությունները լավագույնս բնորոշում են  «հանդուրժողականության» թեզերի  կեղծ ու սնանկ էությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպաններ Քրիստինե Գրիգորյանը և Գեղամ Ստեփանյանը համատեղ հայտարարություն են տարածել՝ խստագույնս դատապարտելով Ադրբեջանի կողմից ԱՀ բնակչության նկատմամբ էթնիկ ատելության ու վրեժխնդրության շարունակվող գործելակերպը։

Նշվում է, որ պետական այդ ձեռագիրը լավագույնս բնորոշում է Ադրբեջանի կողմից հնչեցվող «հանդուրժողականության» թեզերի կեղծ ու սնանկ էությունը։

«Արցախի հայության էթնիկ զտման ադրբեջանական քաղաքականության համար գտնվել է «մանր վրեժխնդրության» գործիք:

Մարտի 21-ի երեկոյան ադրբեջանական կողմը դիտավորյալ կրկին դադարեցրել է Հայաստանից դեպի Արցախ գազ մատակարարող միակ գազատարի աշխատանքները։ Մարտի 8-ին առաջին անգամ իբր թե վթարի անվան տակ դադարեցվեց Արցախի գազամատակարարումը, ապա ադրբեջանական կողմն այդպես էլ թույլ չտվեց Արցախի մասնագետներին մոտենալ իբրև թե «վթարի» վայրին, որն իրենց վերահսկողության ներքո գտնվող տարածքում էր։ Այդ պահից սկսած պարզ էր, որ Արցախի հայության նկատմամբ Ադրբեջանի պետական ատելության քաղաքականությունը գտել է ճնշման ևս մեկ միջոց։

Հավաստի փաստերի համադրմամբ՝ ակնհայտ է դառնում, որ վթարավերականգնողական աշխատանքների իրականացնելու ընթացքում կամ դրանց անվան տակ, ադրբեջանական կողմը փական է տեղադրել գազատարի վրա` ինչի միջոցով ցանկացած պահի այն փակելով՝ ահաբեկում է Արցախի խաղաղ բնակչությանը՝ թողնելով առանց ջեռուցման, տաք ջրի և այլ կենսական պայմանների, որոնք անհրաժեշտ են, հատկապես, նման ցուրտ եղանակային պայմաններում։

Մարտի 19-ին վերականգնված գազամատակարարումը շարունակվեց ավելի քիչ, քան երեք օր։

Սաստիկ ձմեռային այս եղանակին, Արցախի երեխաները, ծերերը, հիվանդներն ու տեղահանվածները զրկված են ջեռուցումից։ Մարդիկ կրում են անասելի դժվարություններ։ Արցախում հումանիտար ճգնաժամը շարունակվում է։

Մեզ համար կասկածից վեր է, որ ադրբեջանական կողմը միտումնավոր կերպով շարունակում է Արցախի բնակչության ճնշման ու ահաբեկման պետական քաղաքականությունը։ Նպատակը չի փոխվել. Արցախը ենթարկել էթնիկ զտման ու դատարկել բնիկ հայերից։

Ավելի քան 100,000 հայ բնակչության նկատմամբ այս ամոթալի «վրեժխնդրությունը» անընդունելի է։ Պետական այս ձեռագիրը լավագույնս բնորոշում է Ադրբեջանի կողմից հնչեցվող «հանդուրժողականության» թեզերի կեղծ ու սնանկ էությունը»,-ասվում է հայտարարության մեջ։

ՀՀ և Արցախի ՄԻՊ-երը կոչ են արել մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին ճնշում գործադրել ադրբեջանական կողմի վրա՝ մարդու իրավունքների այս լայնածավալ ու շարունակվող խախտումը վերացնելու համար»։

Ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում մարտի լույս 8-ի գիշերը վնասվել է գազատարը, ադրբեջանցիները խոչընդոտում էին աշխատանքներին: 8 օր շարունակ նրանց հետ բանակցություններ էին ընթանում ռուս խաղաղապահների մասնակցությամբ։ Մարտի 16-ին հայտարարվեց, որ ադրբեջանական կողմը սկսել է գազատարի նորոգումը։ Մարտի 18-ին հայտարարվեց, որ նորոգման աշխատանքներն ավարտվել են, սակայն, գազը բաժանորդներին սկսել է մատակարարվել մարտի 19-ից։ Մարտի 21-ի երեկոյան հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ «Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը»,-ասվում է ԱՀ տեղեկատվայան շտաբի հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---