23 մարտի 2022 - 15:02 AMT
Թուրքական ֆասթֆուդը փորձում է օգուտ քաղել ՌԴ-ից McDonald's-ի հեռանալուց

Թուրքական Chitir Chicken ֆասթֆուդի ցանցը մտադիր է ՌԴ-ում սննդի կետեր բացել՝ սկզբնական փուլում 5-10 հաստատություն։ Այդ մասին հայտարարել է ՌԴ, Բելառուսի և Ղազաստանի Առևտրի կետերի միության ղեկավար Բուլատ Շակիրովը։

Chitir Chicken-ին մի քանի շաբաթ կպահանջվի տարածքների վերանորոգման և հագեցման համար։ Ապագայում նախատեսվում է ֆրանչայզինգային ցանցի ստեղծում՝ 500-600 ռեստորաններով։ Առաջին հերթին ընկերությունը հետաքրքրված է Մոսկվայով, Սանկտ Պետերբուրգով, Կազանով, Վոլգոգրադով, Սամարայով և Եկատերինբուրգով, գրում է «Իզվեստիան»։

Ըստ Շակիրովի, թուրքական ընկերությանը կարող են առաջարկվել McDonald’s-ի տարածքները, քանի որ ամերիկյան ընկերությունը հիմնականում վարձակալած տարածքներում էր աշխատում։

Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՄՆ-ն, Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։