«Հետք»․ ՊՆ-ն հաստատել է՝ ՀՀ և Ադրբեջանի ՊՆ-ների միջև հատուկ կապ կա

«Հետք»․ ՊՆ-ն հաստատել է՝ ՀՀ և Ադրբեջանի ՊՆ-ների միջև հատուկ կապ կա

PanARMENIAN.Net - ՀՀ և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև հատուկ կապ կա, հայտնում է «Հետքը»՝ ՊՆ-ից ստացած հարցման պատասխանին հղումով։

Հաշվի առնելով վերջին շրջանի լարվածությունը, ինչպես Արցախում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հարցում էր ուղարկվել՝ խնդրելով նշել, թե, ի վերջո, Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև հաստատվե՞լ է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մատնանշած հատուկ կապը, եթե այո, ապա հայկական ու ադրբեջանական կողմերը ուղիղ շփում ունեցե՞լ են այդ կապով։

ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանի մակագրած պատասխանում ասվում է՝ ՀՀ պաշտպանություն նախարարությունը հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանությունների նախարարությունների միջև հաստատվել է վերոնշյալ հատուկ կապը՝ հավելելով, որ «հնարավոր չէ տրամադրել բովանդակային տեղեկատվություն՝ ելնելով կապի գաղտնիության ռեժիմի ապահովման անվտանգությունից»։

«Հետաքրքրականն այն է, որ Եվրոպական խորհրդի հաղորդագրության մեջ հստակ նշվում էր, որ հատուկ կապը հաստատվելու է երկու երկրի պաշտպանության նախարարների միջև, մինչդեռ ՀՀ ՊՆ-ն իր պատասխանում կիրառում է «նախարարությունների միջև ձևակերպումը»։ Հետևաբար, հասկանալի չէ՝ արդյոք Սուրեն Պապիկյանն ու Զաքիր Հասանովն են գտնվում հեռախոսակապի տարբեր ծայրերում, ինչպես ավելի վաղ նշում էին եվրոպացի պաշտոնյաները։

Պաշտպանության նախարարությունը հրաժարվել է նաև պատասխանել, թե ինչ կապի միջոց են կիրառում կողմերը։ Խոսքը հեռախոսի՞, տեսակապի՞, թե՞ մեկ այլ միջոցի մասին է։ Պաշտպանության նախարարությունը նաև չի նշում, թե վերջին անգամ երբ են կապ հաստատել կողմերը և, ի վերջո, արդյոք հնարավոր եղե՞լ է այդ կապի միջոցով կանխել երկու երկրի շփման գծում հնարավոր բախումները։

Ըստ պաշտպանական գերատեսչության՝ «իրադրությունը ՀՀ պետական սահմանին կայուն է», իսկ «Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի հետ համատեղ մշտապես տարվում են աշխատանքներ Արցախի սահմանային հատվածներում տեղի ունեցող միջադեպերի կանխման և կարգավորման ուղղությամբ»։

Իսկ այն հարցին, թե արդյոք ՀՀ-ն շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը, Պաշտպանության նախարարությունը նշել է, որ «ՀՀ պաշտպանության նախարարությունը և ՀՀ զինված ուժերն ապահովում են ՀՀ նախագահի 25.12.2007 թ. թիվ ՆՀ-308-Ն հրամանագրով հաստատված ՀՀ ռազմական դոկտրինի և ՀՀ անվտանգության խորհրդի 10.07.2020 թ. որոշմամբ հաստատված ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության պահանջների կատարումը»։ Ե՛վ ռազմական դոկտրինում, և՛ ազգային անվտանգության ռազմավարության մեջ նշվում է, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---