ՀՀ-ում ԱՁ է հաշվառել ՌԴ 938 քաղաքացի, ՍՊԸ գրանցել՝ 268․ Հիմնականում՝ ՏՏ ոլորտում

ՀՀ-ում ԱՁ է հաշվառել ՌԴ 938 քաղաքացի, ՍՊԸ գրանցել՝ 268․ Հիմնականում՝ ՏՏ ոլորտում

PanARMENIAN.Net - Հայաստանում փետրվարի 24-ից մարտի 22-ն ընկած ժամանակահատվածում ԱՁ է հաշվառել ՌԴ 938 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է 268 ՍՊԸ, որոնցում առկա է իրավաբանական կամ ֆիզիկական անձ ՌԴ քաղաքացի։ Այդ մասին հայտնել է Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Տաթև Մկրտչյանը, տեղեկացնում է Արմենպրեսը։

Նրանց մեծ մասը ներկայացնում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը:

«Գրանցման պահին որպես տնտեսական գործունեության դասակարգիչ ԱՁ-ների և ՍՊԸ-ների ճնշող մեծամասնությունն ընտրել է ՏՏ և ծրագրային մշակումների դասակարգիչը», - մանրամասնել է Մկրտչյանը։

Հայաստանում աշխատանք սկսող ՌԴ քաղաքացիները, սակայն, որոշ իրավական խնդիրների են բախվում, որոնք հաղթահարելու համար կարիք է լինում իրավաբանական խորհրդատվության:

Իրավաբան Լիլիթ Կարապետյանը մանրամասնել է, թե ինչ խնդիրների են բախվում ՌԴ քաղաքացիները և ինչ հարցերով են դիմում իրավաբանի օգնությանը:

«Հիմնական հարցերի շարքում են, թե ինչպես ընկերություն գրանցել, ինչպես ԱՁ հաշվառել, ստանալ կացության կարգավիճակ, արդյոք աշխատանքային թույլտվություն է պետք, ինչպես են կատարվում այդ գործընթացները, հարկերին վերաբերող հարցեր են հաճախ հնչում, ամենատարածված հարցն է՝ Հայաստանում ինչպես բիզնես սկսել», - նշել է նա։

Կարապետյանը վստահեցրել է, որ Հայաստանում ընկերություն գրանցելու և բիզնես սկսելու համար բավականին հեշտացված տարբերակներ կան։ Այս մասին, նրա պնդմամբ, հասարակությանը պատշաճ ձևով չի տեղեկացվում։

«Իր ընկերությունը Հայաստան տեղափոխել ցանկացողը պետք է վերցնի անձնագիրը, գա Հայաստան, այն թարգմանի նոտարում, գնա ռեգիստր ու կկարողանա ընդամենը կես ժամում իր ընկերությունը գրանցել», - նշել է նա։

Իրավաբանի կարծիքով՝ պետական միջամտության կարիք ևս կա։ Նրա խոսքով՝ չկան թեժ գծեր, հատուկ հարթակներ, որտեղ օտարերկրացիները կկարողանան ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները։ Կարապետյանը լիահույս է, որ այս խնդիրը պետությունը կլուծի:

Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՄՆ-ն, Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։

 Ուշագրավ
Այս համատեքստում Բակալչուկը կարևորել է «ՀայՓոստի» հետ համագործակցությունը
«Երկարացնելու ենք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը»,-ասել էնա
Նա ասել է, որ 2020-ին տնտեսությունն ունեցել է ընդամենը 7.6 տոկոս անկում
---