25 մարտի 2022 - 11:07 AMT
Խրամորթի համայնքապետ․ Քարագլուխն Արցախի ՊԲ վերահսկողության ներքո է

Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի ղեկավար Զորիկ Աբրահամյանը մարտի 24-ի ուշ երեկոյան հայտնել է, որ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող Քարագլուխ բարձունքն ԱՀ պաշտպանության բանակի վերահսկողության տակ է, տեղեկացնում է 5-րդ ալիքը։

Նա նաև ասել է, որ իրավիճակը վերահսկելի է։ Համայնքապետը տեղեկացրել է որ ՊԲ զինծառայողները միջանցք են տվել մարտի 24-ին Փառուխի տարածք ներխուժած ադրբեջանցիներին, որպեսզի նրանք հեռանան։

«Սպասում ենք, որ պետք է դուրս գան Փառուխից»,- ասել է նա։

Սակայն մարտի 25-ի առավոտյան հայտնի է դարձել, որ ռուս խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցություններն էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր։

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի արևելյան սահմանագոտում: