ՀՀ ՄԻՊ-ը հորդորում է մարդու իրավունքների մանդատ ունեցողներին գործել՝ դադարեցնելու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը

ՀՀ ՄԻՊ-ը հորդորում է մարդու իրավունքների մանդատ ունեցողներին գործել՝ դադարեցնելու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը

PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը խստորեն դատապարտել է ադրբեջանական հանցավոր վարքագիծն ու կոչ արել մարդու իրավունքների մանդատ ունեցող կազմակերպություններին ու դերակատարներին գործել՝ դադարեցնելու Արցախի բնակչության դեմ ուղղված Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Գրիգորյանը նշել է, որ Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ադրբեջանական զինուժի ներխուժումն Ադրբեջանի հանցավոր պետական քաղաքականության ուղղակի տրամաբանական շարունակությունն է։

«Միջազգային իրավունքի բոլոր հանրաճանաչ նորմերը խախտող այս վարքագիծը շարունակվում է շաբաթներ ու ամիսներ՝ Արցախի բնակչության ճնշման, ահաբեկման, բնականոն կյանքի համար անտանելի պայմանների ստեղծման տարբեր գործողություններով։ Այս ներխուժումը ևս մեկ վկայությունն է այն փաստի, որ շաբաթներ տևող Խրամորթի ու մյուս գյուղերի խաղաղ բնակչության թիրախավորումը չտվեց իր ցանկալի արդյունքը՝ մարդիկ չլքեցին իրենց բնօրրանը, ուստի, Ադրբեջանը կիրառեց իր փորձված վարքագիծը՝ դիմեց սադրանքի։ Ամոթալի փաստ է, որ Արցախի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտման քաղաքականությունն Ադրբեջանի պետական առաջնահերթությունն է, որին ստորադասվում են այդ իսկ պետության կողմից ստանձնած միջազգային իրավունքի պարտավորությունները, դրժվում են իր իսկ կողմից ստանձնած իրավական պարտավորությունների ներքո դրված ստորագրությունները»,-ասվում է հայտարարության մեջ։

ՀՀ ՄԻՊ-ը նշել է նաև, որ Արցախում մարդու իրավունքների խախտումներն արձանագրելու վերաբերյալ միջազգային հանրության «անհարմար» լռությունն առայժմ չի ուղեկցվում իրավիճակի շտկմանն ուղղված իրական գործողություններով, իսկ մարդիկ Արցախում ունեն նույն իրավունքներն, ինչպես աշխարհի մյուս ծայրերում։

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի արևելյան սահմանագոտում: Մարտի 25-ի առավոտվա դրությամբ ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր:

Ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ, հայտնում է Արցախի ՊԲ-ն: Հայկական կողմից կա մեկ վիրավոր։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---