26 մարտի 2022 - 13:28 AMT
ԱՄՆ Պետդեպն ադրբեջանական զորքերի տեղաշարժն անպատասխանատու և սադրիչ է որակել

ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զորքերի տեղաշարժի առնչությամբ։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Փորթերը, տեղեկացնում է Արմենպրեսը։

«Զորքերի տեղաշարժն ու լարվածություն առաջացնող մյուս գործողություններն անպատասխանատու են և անհարկի սադրիչ»,- հայտարարել է Փորթերը՝ նշելով, որ պետքարտուղարությունը սերտորեն հետևում է 2020-ի նոյեմբերին հայտարարված հրադադարից հետո շփման գծում տիրող իրադրությանը:

Նա նշել է, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ և վերահաստատել այն, ինչ ավելի վաղ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ասել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին. այն է՝ կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն ու ինտենսիվացնեն դիվանագիտական շփումները՝ գտնելու համապարփակ լուծումներ բոլոր կարևոր խնդիրների համար: «Հայաստանն ու Ադրբեջանը պարզապես պետք է օգտագործեն ուղիղ հաղորդակցության ուղիները՝ անհապաղ դեէսկալացիայի ենթարկելու իրադրությունը»,- նշել է Փորթերը:

Նա հավելել է նաև, որ Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակում է խորապես հանձնառու լինել՝ աշխատելու կողմերի հետ՝ հանուն հակամարտության տևական քաղաքական կարգավորման:

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի` վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջ շարժվել Քարագլուխ բարձունքի ուղղությամբ: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցությունները էական արդյունք չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր:

Ադրբեջանական զինուժը մարտի 25-ի գիշերը կրակ է բացել ՊԲ ստորաբաժանումների վրա տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հարվածային ԱԹՍ կիրառել, այդ թվում՝ Bayraktar TB-2: Հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, 15-ը՝ վիրավորվել։