ՌԴ ՊՆ-ն հայտնել է, թե ադրբեջանցիները հետ են քաշվել Փառուխից, Բաքուն հերքել է

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, թե ադրբեջանցիները հետ են քաշվել Փառուխից, Բաքուն հերքել է

PanARMENIAN.Net - Մարտի 27-Ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը հետ է քաշել իր ստորաբաժանումները Փառուխ բնակավայրի տարածքից։

«Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի 2 խախտում։

Փոխհրաձգության հետևանքով երկու կողմից վիրավորվել է 2-ական մարդ։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության և կողմերի ներկայացուցիչների միջև փոխգործակցության արդյունքում իրավիճակը կայունացվել է»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Մինչդեռ նույն օրն Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է ռուսական կողմի հաղորդագրությունը՝ հայտարարելով, որ ադրբեջանական զինուժը շարունակում է դիրքերում մնալ Փառուխ գյուղում և մոտակա բարձունքներում։

«ՌԴ ՊՆ-ն մարտի 27-ի իր հայտարարության դրույթները չեն համապատասխանում իրականությանը։ Փառուխ գյուղում և մոտակա բարձունքների դիրքերում փոփոխություններ չեն եղել։ Տեղեկություններն այն մասին, որ ադրբեջանական զինուժը հետ է քաշվել այդ դիրքերից, չի համապատասխանում իրականությանը… Ադրբեջանական ուժերի հետ քաշվելու մասին հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ։

Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, ՌԴ ՊՆ-ի այն տեղեկատվությունը, թե «ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը և ադրբեջանցի զինվորականները վիրավորվել են, նույնպես չեն համապատասխանում իրականությանը», գրում է Haqqin.az-ը։

Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ նաև ասվում է, թե «Ադրբեջանի տարածքում «Լեռնային Ղարաբաղ» անունով վարչատարածքային միավոր չկա»։

«ՌԴ ՊՆ մարտի 26-ի և 27-ի հայտարարություններում «Լեռնային Ղարաբաղ» արտահայտության օգտագործումը անհարգալից վերաբերմունք է միջազգային հանրության, այդ թվում՝ ՌԴ կողմից ճանաչված և ընդունված Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ», - ասված է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունում։

«Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը հաստատել է, որ ադրբեջանցիները չեն հեռացել։ «Թշնամին ոչ մի տեղ էլ չի գնացել, նույն դիրքերում են»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի` վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջ շարժվել Քարագլուխ բարձունքի ուղղությամբ: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցությունները էական արդյունք չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր:

Ադրբեջանական զինուժը մարտի 25-ի գիշերը կրակ է բացել ՊԲ ստորաբաժանումների վրա տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հարվածային ԱԹՍ կիրառել, այդ թվում՝ Bayraktar TB-2: Հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, 15-ը՝ վիրավորվել։

Մարտի 26-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի արևելյան սահմանագոտու ուղղությամբ: ՊԲ-ն դիմել է համարժեք գործողությունների:

 Ուշագրավ
Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին
Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ
Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ
---