29 մարտի 2022 - 11:19 AMT
Սուքիասյան․ Մեր հարևան, եղբայր շատ պետություններ պիտի գիտակցեն, որ մեկ է՝ հարևաններ ենք, պետք է եղբայրություն անենք

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում ասել է, որ ներկայիս իրավիճակի արդյունքը 30 տարվա սխալ քաղաքականությունն էր:

«Մեր հարևան, եղբայր շատ պետություններ պիտի գիտակցեն, որ մեկ է՝ հարևաններ ենք, ապրելու ենք դարերով նույն տեղում, պետք է եղբայրություն անենք, մենք իրենց համար ցավանք, իրենք մեզ համար ցավան»-,-ասել է նա, գրում է «Առավոտը»։

Նա հավելել է, որ հիմա շատ ծանր ժամանակ է:

«Ուզում եմ կոչով դիմել մեր բոլոր հարևան, մեր եղբայր պետություններին՝ վրացիներին, աբխազներին, օսեթներին, ադրբեջանցիներին, թուրքերին, որ դարեր շարունակ այս տարածաշրջանը դարձրել են պատերազմի գոտի, դարեր շարունակ մեկին մյուսի հետ կռվացրել են․․․Հիմա ուզում եմ մի բան հասկանալ՝ ինչքա՞ն պետք է միշտ կռվենք, ավիրվենք, մեր ունեցած երիտասարդները զոհվեն: Ամեն ինչ քանդվի, տասնյակ տարիներ ուզենան վերականգնել: Այս մտածելակերպը պետք է այս տարածաշրջանում վերանա, հակառակ դեպքում դեռ հարյուրամյակներ, հազարամյակներ մեր սերունդները վատ տարածաշրջանում պիտի ապրեն»,-ասել է պատգամավորը:

Նա հավելել է, որ կա դիվանագիտական լեզու, համակարգ, որը շատ հստակ իր աշխատանքը կատարում է:

«Շատ մեր հարևան, եղբայր պետություններ պիտի գիտակցեն, որ պետք չէ տարածաշրջանում ոչ մի կոնֆլիկտ ստեղծել, այլ մեկս մյուսին աջակցենք, մեկ է՝ հարևաններ ենք, ապրելու ենք դարերով նույն տեղում: Եկեք գնանք այս ճանապարհով»,-ասել է նա։

Սուքիասյանը նաև ասել է, թե պետք է նայել՝ այս կառավարությունն ինչ է անում Ղարաբաղի համար, ոնց է վերաբերվում Ղարաբաղի իշխանություններին:

«Ղարաբաղի իշխանություններին ամենամեծ կարգավիճակ տվողն այս իշխանությունն ու այս կառավարությունն է եղել, ամենամեծ գումար տվողն այս կառավարությունն է եղել»,- ասել է նա։

ՀՀ անվտանգության խորհուրդը մարտի 28-ին կայացած նիստում քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը` այն գնահատելով խիստ լարված:

ԱԽ հայտարարության մեջ ասվում է, որ իրադրության վերլուծությունը ցույց է տալիս՝ Ադրբեջանը, փորձելով գտնել մտացածին հիմնավորումներ, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով խաղաղության պայմանագրի հարցում ապակառուցողական գործողությունների մեջ: