29 մարտի 2022 - 11:34 AMT
Շտաբ․ Ադրբեջանական զորքերը մնում են Քարագլխի նույն հենակետերում

Մարտի լույս 29-ի գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է լարված՝ մարման որոշակի դրական միտմամբ, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Նշվում է, որ ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված նույն հենակետերում: Իսկ Արցախի զինված ուժերը շարունակում են պաշտպանական դիրքերի ամրացման ու թշնամու զսպման լրացուցիչ միջոցառումները:

«Շարունակական աշխատանքներ են տարվում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ նպատակաուղղված ադրբեջանական հնարավոր սադրանքների կանխմանը և ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն:

Արցախի պատկան մարմինները բոլոր հնարավոր մեխանիզմներով հետևում են իրադրությանն ու ադրբեջանական կողմի գործողություններին, և, ըստ կարիքի, լրացուցիչ հրապարակումներով կտեղեկացնեն իրավիճակի զարգացումների վերաբերյալ»,-ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը որոշում է կայացրել ռեզերվային ուժեր առաջ քաշել՝ ադրբեջանական զորքերի հետագա առաջխաղացումը արգելափակելու համար։ Այդ մասին ասվում է Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահների Տելեգրամ ալիքում։

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի` վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջ շարժվել Քարագլուխ բարձունքի ուղղությամբ: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցությունները էական արդյունք չեն տվել:

Ադրբեջանական զինուժը մարտի 25-ի գիշերը կրակ է բացել ՊԲ ստորաբաժանումների վրա տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հարվածային ԱԹՍ կիրառել, այդ թվում՝ Bayraktar TB-2: Հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, 15-ը՝ վիրավորվել։ Մարտի 26-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի արևելյան սահմանագոտու ուղղությամբ: ՊԲ-ն դիմել է համարժեք գործողությունների:

Մարտի 27-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, թե ադրբեջանական ուժերը հետ քաշել զորքերը Փառուխ գյուղից, Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։