29 մարտի 2022 - 12:25 AMT
Մրցութային խումբ․ Եկեղեցու դիրքորոշումը շատ կարևոր է, բայց Քրիստոսի արձանը ճարտարապետական կոթող է

Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախումբը հայտարարություն է տարածել` նշելով, որ եկեղեցու դիրքորոշումը շատ կարևոր է, բայց Հիսուս Քրիստոսի արձան-համալիրը ճարտարապետական կոթող է։

«Հայ Առաքելական եկեղեցու դիրքորոշումը մեզ համար շատ կարևոր է և գնահատելի: Միևնույն ժամանակ ցանկանում ենք վերահաստատել, որ Հիսուս Քրիստոսի արձան-համալիրը ճարտարապետական կոթող է, որը նպատակ ունի դառնալ միաբանության խորհրդանիշ ոչ միայն հայ ժողովրդի, այլ ամբողջ աշխարհի մարդկության համար:

Ինչպես նաև մոնումենտալ կոթողը մեծ ներուժ ունի՝ դառնալու առաջին քրիստոնյա պետության այցեքարտն աշխարհում ու մեծ թվով զբոսաշրջիկներ ներգրավելու։ Կրկին շնորհակալություն ենք հայտնում գաղափարի աջակիցներին և լիահույս ենք, որ աստվածահաճո այս առաքելության մեջ մենք միաբան ենք»,-ասվում է հանձնախմբի հայտարարութան մեջ։

Նշվում է, որ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի հանձնախումբն ամփոփել է մրցութային առաջին փուլը՝ հնարավորություն տալով 21 հեղինակի մեկամսյա ժամանակահատվածում լրամշակել իրենց աշխատանքները:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ եկեղեցին ընդունելի չի համարում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի ունենալով, որ այն հարիր չէ Հայ եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։ Այդ մասին ասվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանյան անդամների ժողովի հայտարարության մեջ։ Արձանագրվել է, որ ծրագրի առնչությամբ Մայր Աթոռը քննարկումներ է ունեցել նախաձեռնության հեղինակ, հայտնի գործարար և բարերար Գագիկ Ծառուկյանի հետ՝ հայտնելով ՀԱԵ մոտեցումները:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ազդարարել է բացառիկ ծրագրի մեկնարկի՝ Հիսուս Քրիստոսի արձան կանգնեցնելու նախաձեռնության մասին։ Միայն քանդակի բարձրությունը պետք է լինի խորհդրանշական 33 մ, իսկ պատվանդանի հետ միասին այն կարող է կրկնակի և նույնիսկ եռակի անգամ բարձր լինել։ Ծառուկյանը հայտնել է, որ ճարտարապետների և մասնագետների մեծ խումբ կաշխատի և նա մտադիր է հիմնարկեքն անել արդեն 2022-ին։ Մոտ 200 նախագծից առանձնացվել է մոտ 20-ը, որից էլ պետք է ընտրվի հաղթողը։