29 մարտի 2022 - 12:26 AMT
Աբրահամյան․ Իշխանության մի ներկայացուցիչ խոսում է պատերազմի բարձր հավանականության, մյուսը՝ թուրքի հետ բարեկամության մասին

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Արցախում ստեղծված իրադրության մասին Հայաստանի Անվտանգության խորհուրդը, այն ղեկավարողը, իհարկե պետք է հստակ գնահատականներ հնչեցնեն, սակայն ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունում հնչող հայտարարություններն ու իրականացվող քայլերը և միջոցառումները պետք է համահունչ լինեն։

«Այսինքն՝ անել հայտարարություններ և կողքից հետևել իրադարձությունների ընթացքին ու սահմանափակվել միայն մտահոգություն հայտնելով, կարող են միջին վիճակագրական քաղաքացիները, բայց ոչ երբեք անվտանգության պատասխանատու պաշտոնյաները։

Նույն իշխանության մի ներկայացուցիչ խոսում է պատերազմի բարձր հավանականության մասին, մյուսը՝ թուրքի հետ բարեկամանալու անխուսափելիության մասին»,-ասվում է գրառման մեջ։

Նշվում է, որ պատերազմի հավանականությունը նաև աճում է, եթե դա կանխելուն ուղղված ջանքերը՝ քաղաքական, դիվանագիտական, ռազմական առումով անբավարար են։

ՀՀ անվտանգության խորհուրդը մարտի 28-ին կայացած նիստում քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը` այն գնահատելով խիստ լարված: ԱԽ հայտարարության մեջ ասվում է, որ իրադրության վերլուծությունը ցույց է տալիս՝ Ադրբեջանը, փորձելով գտնել մտացածին հիմնավորումներ, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով խաղաղության պայմանագրի հարցում ապակառուցողական գործողությունների մեջ:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում ասել է, որ «մեր հարևան, եղբայր շատ պետություններ պիտի գիտակցեն, որ մեկ է՝ հարևաններ ենք, ապրելու ենք դարերով նույն տեղում, պետք է եղբայրություն անենք, մենք իրենց համար ցավանք, իրենք մեզ համար ցավան»։ Նա նշել է, որ ուզում է կոչով դիմել «եղբայր պետություններին՝ վրացիներին, աբխազներին, օսեթներին, ադրբեջանցիներին, թուրքերին»։