29 մարտի 2022 - 13:22 AMT
Արցախի գազամատակարարումը վերսկսվել է ՀՀ-ից ԱՀ մտնող միակ գազատարով

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ մարտի 28-ին վերսկսվել է ԱՀ գազամատակարարումը Հայաստանից մտնող միակ գազատարով և երախտագիտություն հայտնելով բոլոր այն երկրներին և կառույցներին, որոնք համարժեք գնահատական են տվել Ադրբեջանի գործողություններին:

Հայտարարության մեջ ասվում է, որ ընթացիկ ամսում Ադրբեջանը երկու անգամ երկար ժամանակով խափանել էր բնական գազի մուտքն Արցախ՝ հումանիտար ճգնաժամային իրավիճակ առաջացնելով։

«Ադրբեջանի կողմից իրականացվող հումանիտար ահաբեկչությունն արժանացել է միջազգային հանրության խիստ քննադատության, հնչեցվել են գազամատակարարման վերականգնման բազմաթիվ կոչեր, իրականացվել համապատասխան քաղաքական և դիվանագիտական քայլեր։ Մեծ է նաև ռուս խաղաղապահ առաքելության դերակատարությունը։

Մենք երախտապարտ ենք բոլոր այն երկրներին և միջազգային կազմակերպություններին, քաղաքական և հասարակական գործիչներին, ովքեր հավատարիմ մնալով միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին և բարոյականության նորմերին՝ համարժեք գնահատական են տվել Ադրբեջանի գործողություններին և ջանքեր գործադրել այս հումանիտար աղետը վերացնելու ուղղությամբ»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ մարդասիրական խնդիրների քաղաքականացումն անթույլատրելի է ու անբարոյական և ցանկացած նման փորձ մարտահրավեր է ամբողջ քաղաքակիրթ աշխարհին։

Ավելի վաղ «Արցախգազ» ՓԲԸ-ն կեղծ և սադրիչ էր որակել ադրբեջանական «Ազերիգազի» հայտարարությունը, թե «Արցախի գազաբաշխիչ գծի վրա տեղի ունեցած վթարի հետևանքները վերաղցվել են և մարտի 29-ից Արցախում գազամատակարարումը կվերականգնվի»` նշելով, որ բնական գազը մուտք է գործում Արցախ միայն մեկ գազատարի միջոցով՝ ՀՀ տարածքից, իսկ գազամատակարարող ընկերությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է։

Գազատարը վնասվել էր ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում մարտի լույս 8-ի գիշերը, ադրբեջանցիները խոչընդոտում էին աշխատանքներին: 8 օր շարունակ նրանց հետ բանակցություններ էին ընթանում ռուս խաղաղապահների մասնակցությամբ։ Մարտի 16-ին հայտարարվեց, որ ադրբեջանական կողմը սկսել է գազատարի նորոգումը։ Մարտի 18-ին հայտարարվեց, որ նորոգման աշխատանքներն ավարտվել են, սակայն, գազը բաժանորդներին մատակարարվեց մարտի 19-ից։ Մարտի 21-ի երեկոյան հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ «Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը»,-ասվում էր ԱՀ տեղեկատվայան շտաբի հայտարարության մեջ։