Փաշինյան․ ՌԴ խաղաղապահներից կոնկրետ քայլեր ենք ակնկալում՝ ապահովելու ադրբեջանցիների դուրսբերումը

Փաշինյան․ ՌԴ խաղաղապահներից կոնկրետ քայլեր ենք ակնկալում՝ ապահովելու ադրբեջանցիների դուրսբերումը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադառնալով Արցախում տիրող վիճակին, հայտարարել է՝ հայկական կողմն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբը կոնկրետ քայլեր կձեռնարկի ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումը խաղաղապահների պատասխանատվության գոտուց ապահովելու և 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրված ստատուս քվոն վերականգնելու համար:

«Փառուխի ճգնաժամը, ըստ էության, ծագել է պայմանավորվածությունների խախտման արդյունքում: Տարածաշրջանում լարվող իրադրությունը թուլացնելու համար ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ Փառուխ-Խրամորթ հատվածից մի շարք դիրքեր հայելային կերպով հանելու վերաբերյալ, և այս պայմանավորվածությունը պիտի երաշխավորեր ՌԴ խաղաղապահ զորախումբը: Հայկական մի քանի դիրք հետ է քաշվել, Ռուսաստանի խաղաղապահները տեղակայվել են նշված հատվածում, սակայն նրանց աչքի առաջ ադրբեջանցիները ներխուժել են խաղաղապահների պատասխանատվության գոտի:

Մենք ցավով ենք արձանագրում սա և այն, որ չնայած Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության, ԱՄՆ, Ֆրանսիայի, ՄԱԿ-ի հստակ հայտարարությունների, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի այսօրվա դրությամբ շարունակվում է»,-ասել է նա:

Փաշինյանը հավելել է՝ ակնկալում է նաև, որ ներխուժման ընթացքում և դրանից հետո խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների գործողությունները, կամ հնարավոր անգործությունը, արժանանան պատշաճ քննության:

«Եկեք չմոռանանք նաև, որ այս իրադարձություններից առաջ Խրամորթ գյուղի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը 10 օր շարունակ ականանետային կրակ էին բացում: Լեռնային Ղարաբաղի մի շարք գյուղերում հրաձգային զենքերով կրակում էին և կրակում են բնակելի տների և գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող մարդկանց, տեխնիկայի, տրակտորների ուղղությամբ, բնականաբար, ղեկին գտնվող մարդկանց: Նման դեպքեր են արձանագրվել Նոր Շեն, Ամարաս, Թաղավարտ գյուղերի ուղղությամբ, իսկ 2021-ի հոկտեմբերի 9-ին Մարտակերտում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստ է սպանվել՝ տրակտորի ղեկին, ադրբեջանցի դիպուկահարի կողմից, խաղաղապահների ներկայությամբ»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ այս գործողությունների ակնհայտ նպատակը Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտումների քաղաքականությունն ավարտին հասցնելն է:

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի` վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջ շարժվել Քարագլուխ բարձունքի ուղղությամբ: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցությունները էական արդյունք չեն տվել:

Ադրբեջանական զինուժը մարտի 25-ի գիշերը կրակ է բացել ՊԲ ստորաբաժանումների ուղղությամբ, Bayraktar TB-2 կիրառել: Հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, 15-ը՝ վիրավորվել։ Մարտի 26-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին դիմել է ագրեսիվ գործողությունների` փորձելով առաջխաղացում ապահովել: ՊԲ-ն դիմել է համարժեք գործողությունների:

Մարտի 26-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ Ադրբեջանի զորքերը մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի։ Մարտի 27-ի երեկոյան ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ Ադրբեջանը հետ է քաշել զորքերը Փառուխ գյուղի տարածքից։ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է այդ տեղեկությունը։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։

 Ուշագրավ
ԱԺ նախագահը ստորագրել է արձանագրությունը
Մոսկվա մեկնած ՀՀ պատվիրակները ներկայացրել են նաև Լաչինի միջանցքի շրջափակման փաստը
Այցը տարածաշրջանային է՝ Եգիպտոսի նախագահն այժմ Հնդկաստանում է, կլինի նաև Ադրբեջանում
Փաշինյանը համաժողովին մասնակցել է միայն 2019 թվականին
---