Փաշինյան․ Սահմանային իրադրության միջազգային մոնիտորինգի մեխանիզմ է պետք

Փաշինյան․ Սահմանային իրադրության միջազգային մոնիտորինգի մեխանիզմ է պետք

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցին, հայտարարել է, որ անհրաժեշտ է սահմանային իրադրության միջազգային մոնիտորինգի մեխանիզմ գործարկել։

«Մենք այդպիսի մի քանի տարբերակներ ենք առաջարկել, այդ թվում և Ադրբեջանին, և մեզ համար ընդունելի կլինի այդ տարբերակներից ցանկացածը, որը կընդունի Ադրբեջանը»,-ասել է նա։ Վարչապետը նշել է, որ Ադրբեջանը սահմանազատման հարցը ևս օգտագործում է էսկալացիոն տրամաբանությունը արդարացնելու խոսույթ ձևավորելու համար:

«2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով Ռուսաստանի Դաշնության նախագահը, Ադրբեջանական Հանրապետության նախագահը և Հայաստանի Հանրապետության վարչապետը ընդունել են հայտարարություն, որտեղ ասվում է, որ իրենք պայմանավորվել են. «հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացը մղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ»։

Չեմ կարծում, թե այս հայտարարությունը կարող է որևէ տարընթերցման տեղ տալ և ակնհայտ է, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերով հանձնաժողով ստեղծելուն պետք է նախորդեն հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր:

Ադրբեջանը նման միջոցառումների վերաբերյալ ոչ մի առաջարկ չի արել: Հայաստանը, ինչպես գիտեք, հանդես է եկել խորհրդային ժամանակների հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային ետքաշման, այդ սահմանագծի պահպանությունը սահմանափակ թվով սահմանապահների հանձնելու և սահմանի նկատմամբ միջազգային մոնիթորինգ իրականացնելու առաջարկով: Ադրբեջանը մինչև օրս այդ առաջարկին պաշտոնական պատասխան չի տվել, երրորդ երկրներից ստացված տեղեկատվությամբ մեր առաջարկն ընդունելի չէ Ադրբեջանի համար»,-ասել է նա:

Փաշինյանը հավելել է, որ այս հարցում հայկական կողմը եղել է և կա մաքսիմալ ճկուն և հետքաշման մի քանի բանաձևեր է առաջարկել:

«Ադրբեջանը կամ չի ընդունում, կամ չի արձագանքում այս առաջարկներին: Ի՞նչ է սա նշանակում: Փաստացի նշանակում է, որ փորձում է սահմանին լարվածությունը և ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը պահել նաև սահմանագծման գործընթացի ժամանակ, Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ձևակերպելու և այդ պահանջները չբավարարելու պարագայում ռազմական սադրանքների դիմելու համար: Սա անընդունելի մոտեցում է»,-ասել է նա:

Փաշինյանը նաև ասել է, որ Ադրբեջանը փորձում է ԼՂ և ՀՀ-ի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---