1 ապրիլի 2022 - 11:56 AMT
ՌԴ զորքերը հեռացել են Չերնոբիլի ԱԷԿ-ից. Մարիուպոլից հումանիտար միջանցք կբացվի` Մակրոնի և Շոլցի խնդրանքով

Ռուսական զորքերը հեռացել են Չերնոբիլի ԱԷԿ-ի և արբանյակ քաղաք Սլավուտիչի տարածքից։ Այդ մասին հայտնել է ուկրաինական «Էներգաատոմ» կոնցերնը։

«Հաստատվել է այն տեղեկությունը, որ ռուսական զորքերը հեռացել են Չերնոբիլի ԱԷԿ-ի և օտարման գոտու մյուս օբյեկտներից՝ դեպի Բելառուսի հետ սահման։ Նաև տվյալներ կան, որ դեպի Բելառուս գնացող ևս մեկ շարասյուն է ձևավորվում, որը պաշարել էր Սլավուտիչ քաղաքը»,- ասվում է կոնցերնի հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Deustche Welle-ն։

Ըստ Ուկրաինայի պաշտպանության նախարարության վերջին հաղորդագրությունների, ՌԴ-ն իր հիմնական ուժերը կենտրոնացնում է Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում ամբողջական վերահսկողություն հաստատելու համար, մասնավորապես՝ Մարիուպոլի գրոհի համար, տեղեկացնում է BBC-ն։

Ըստ Ուկրաինայի իշխանությունների հայտարարության, հարցականի տակ է մարդկանց տարհանումը Մարիուպոլից, որն արդեն մի քանի շաբաթ է շրջափակված է ռուսական զորքերի կողմից։ Քաղաքը գրեթե ամբողջությամբ ավերակի է վերածվել, համառ մարտերը շարունակվում են։ Թաղամասերի մի մասը ռուսներն են վերահսկում, մի մասը՝ ուկրաինացիները։

Ըստ բրիտանական The Times թերթի՝ Մարիուպոլի անկումը մոտ է՝ խոսքը մի քանի օրվա մասին է։ Ըստ բրիտանացի վերլուծաբանների, ռուսական զորքերը վերջին գրոհին են պատրաստվում։

ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Միխայիլ Միզինցևն ասել է, որ մարտի 31-ին ավտոբուսները չեն կարողացել Մարիուպոլ հասնել ուկրաինական կողմից գնդակոծման հետևանքով։ Նա հավելել է, որ ՌԴ ՊՆ-ն ապրիլի 1-ի առավոտից միջացնք կբացի, ինչը կարվի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի անձնական խնդրանքներով»։

Ըստ Մարիուպոլի քաղաքապետի, պաշարված քաղաքում դեռևս 170,000 մարդ կա, որոնք մնացել են առանց սննդի և ջեռուցման։

Հաղորդագրություններ կան, որ ռուսական զորքերը նահանջում են Կիևի և Չերնիգովի շրջանների որոշ բնակավայրերից։ Սակայն, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, մեկնաբանելով Մոսկվայի հայտարարությունը Կիևի և Չերնիգովի ուղղությամն ռազմական գործողությունների ինտենսիվության զգալի նվազման մասին, հայտարարել է, որ, ըստ հետախուզական տվյալների, ՌԴ զորքերը ոչ թե հետ են քաշվում, այլ տեղափոխվում են նոր դիրքեր՝ փորձելով վերախմբավորվել Դոնբասում հարձակման համար։