1 ապրիլի 2022 - 14:03 AMT
ՏԻՄ օրենքը լրացնելու նախագիծը՝ ԱԺ արտահերթում

Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել՝ քննարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:

Ըստ նախագծի, եթե համայնքի ավագանու առաջին նիստը լիազորությունները ստանձնելու պահից 20 օրվա ընթացքում չի գումարվում, կամ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, ապա ՀՀ վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատարի՝ մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:

Նախագծի հրատապությունը բացատրվել է նրանով, որ վերջին ՏԻՄ ընտրություններից հետո մի շարք համայնքներում կառավարման բնականոն ընթացքը խաթարված է: Նախագծի համահեղինակ Վահագն Հովակիմյանը բերել է Վանաձորի օրինակը, որտեղ իրավական կարգավորումներոով չի ստացվում լուծել առաջացած խնդիրները և «ըստ մասնագետների, լուծումը օրենսդրական նախաձեռնությունն է»։

«Հայաստան» խմբակցության պատագամավոր Անդրանիկ Թևանյանն իր ելույթում ասել է, որ կառավարության նիստում ասվում է, որ նա լայնամասշտաբ պատերազմի շեմին ենք, բայց արտահերթ նիստում քննարկվում է ՏԻՄ օրենքում լրացում կատարելու նախագիծը։ Ըստ n8a՝ փորձ է արվwւմ ՏԻՄ հասկացությունը վերացնել՝ այն դարձնելով նշանակովի: Նա հավելել է, որ խմբակցության համար նման մոտեցումն անընդունելի է։

Դեկտեմբերի 5-ին Վանաձորում կայացած ՏԻՄ ընտրություններում ամենամեծ թվով քվեն ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ղեկավար,Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը դեկտեմբերի 16-ին կալանավորվել է։ ԼՀԿ-ն, որը ստացել էր ձայների 3,97 տոկոսը և զբաղեցրել 6-րդ տեղը, դիմել էր Վարչական դատարան, որպեսզի անվավեր ճանաչվեն ընտրությունները, սակայն դատարանը մերժեց ԼՀԿ-ի հայցը։ ԼՀԿ-ն նաև առանձին միջնորդություն էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Վանաձոր համայնքի ավագանուն ձեռնպահ մնալ Վանաձոր միավորված համայնքի ղեկավար ընտրելուն ուղղված գործողություններից, այն է՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով նիստ անցկացնելուց և ղեկավար ընտրելուց, ինչը բավարարվել էր։ Արդյունքում Վանաձորը մինչ օրս ղեկավար չունի։