1 ապրիլի 2022 - 14:59 AMT
Օհանյանը պարզաբանել է` ինչու են մերժել վարչապետի հետ փակ հանդիպման առաջարկը

Աժ արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, արձագանքելով խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը, պարզաբանել է, թե ինչու է ընդդիմությունը մերժել ԱԺ խորհրդում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպման առաջարկը:

Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել՝ քննարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:

Նշելով, որ վերջին գումարման ԱԺ-ում ՔՊ-ն սահմանային իրավիճակի, անվտանգության հարցերով որևէ նախաձեռնությամբ հանդես չի եկել՝ Օհանյանն ասել է, որ մարտի 31-ին ինքն է զանգահարել Ռուբինյանին և առաջարկել ԱԺ խորհրդի նիստ անցկացնել։ Նա հավելել է, որ Ռուբինյանն իրեն հայտնել է, թե Փաշինյանը ուզում է գալ և ԱԺ խորհրդին ներկայացնել իրավիճակը:

Օհանյանը նշել է, որ նախ պետք է ճշտել, թե ինչով պետք է զբաղվի ԱԺ-ն, խորհուրդը, դրանից հետո նոր որոշեն, թե ինչ վերահսկողություն պետք է իրականացվի գործադիրի նկատմամբ:

«Բայց առաջին հերթին մենք ինքներս պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում։ Մենք առաջարկել ենք խորհրդի նիստում, որ ներկայացվեն անվտանգությանը և արտաքին քաղաքականությանը վերաբերող բոլոր այն փաստաթղթերը, որոնք շրջանառվում են այսօր։ Դրանից հետո մեր խմբակցությունը կորոշի, թե ինչ ձևաչափով հրավիրել գործադիրի ներկայացուցիչներին։ Փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո ի՞նչն էր խանգարում, որ վարչապետը 107 պատգամավորների ներկայությամբ ներկայացներ իրավիճակը»,-ասել է Օհանյանը՝ հավելելով, որ իրավիճակին ռեալ գնահատական տալու փոխարեն կրկին զբաղված են երկրորդական խնդիրներով։

Ազգային ժողովում մեկնարկած արտահերթ նիստում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանը փակ հանդիպման առաջարկ է արել, որը մերժվել է։ «Ընդդիմադիր խմբակցություններն ասել են, որ այդ ֆորմատն ընդունելի չէ։ Քննարկելով վարչապետի հետ՝ արել եմ երկրորդ առաջարկը՝ փակ աշխատանքային քննարկում կազմակերպել ԱԺ խորհրդի ձևաչափով, սակայն պատասխան դեռ չեմ լսել»,- ասել է Ռուբինյանը։

Մարտի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով Արցախում և ՀՀ-ում իրավիճակի վերաբերյալ ԱԽ նիստի հայտարարությանը, պարզաբանումներ է տվել և հայտարարել, որ Ադրբեջանը փորձում է ԼՂ և ՀՀ-ի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել։ Նա նաև ասել է, որ անհրաժեշտ է սահմանային իրադրության միջազգային մոնիտորինգի մեխանիզմ գործարկել։