Օտարերկրյա դիմորդների համար ՀՀ բուհերի մասին ամբողջական տեղեկություններով կայք կստեղծվի

Օտարերկրյա դիմորդների համար ՀՀ բուհերի մասին ամբողջական տեղեկություններով կայք կստեղծվի

PanARMENIAN.Net - Օտարերկրյա, այդ թվում՝ սփյուռքահայ, դիմորդների համար ՀՀ բուհերի մասին ամբողջական տեղեկություններով կայք կստեղծվի։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը մեկնարկում է դիմորդների ընդունելության տվյալների բազայի թվային կառավարման համակարգի ստեղծման աշխատանքները։

ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը «Սահակյան Բաղրամյան հիմնադրամի» տնօրեն Տիգրան Սահակյանին է ներկայացրել պատրաստվող կայքի հիմնական առավելությունները։

«Էլեկտրոնային կայքը ներառելու է Հայաստանի բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների վերաբերյալ ամբողջական տեղեկություններ՝ առաջարկվող մասնագիտությունների, պահանջվող փաստաթղթերի, պարտադիր քննությունների, անհրաժեշտ կարողությունների մասին։ Կայքի միջոցով ոչ միայն հնարավոր կլինի առավել կարճ ժամկետներում և համակարգված փնտրել, գտնել և ուսումնասիրել այն առաջարկները, որոնք համընկնում են դիմորդի հետաքրքրությունների հետ, այլև առցանց դիմել այս կամ այն բարձրագույն ուսումնական հաստատություն։ Սա կխնայի ոչ միայն դիմորդների ժամանակը, այլև զգալիորեն կթեթևացնի նրանց ֆինանսական բեռը, քանի որ այլևս անհրաժեշտություն չի լինի քննություններից ամիսներ առաջ գալու և թղթաբանական հարցերը տեղում լուծելու»,– ասել է Արտակ Պողոսյանը։

«Սահակյան Բաղրամյան հիմնադրամի» տնօրեն Տիգրան Սահակյանը հույս է հայտնել, որ կայքի գործարկումից հետո hայաստանյան բարձրագույն կրթական համակարգն առավել մեծ ճանաչելիություն ձեռք կբերի աշխարհում, իսկ առաջարկվող մասնագիտություններն ավելի պահանջված կդառնան օտարերկրյա դիմորդների համար։

Կայքը նախատեսվում է ամբողջությամբ գործարկել արդեն տարեվերջին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---