«Ամերիա» ՓԲԸ-ն հանդես է գալիս գյուղական համայնքների բարեփոխման առաջարկներով

PanARMENIAN.Net - Կարեւորելով գյուղական համայնքների դերը Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման մեջ եւ գյուղական աշխատուժի արդյունավետ ու նպատակային օգտագործման խնդիրները` «Ամերիա» ՓԲԸ-ն դեռեւս նախորդ տարվա վերջերին ձեռնամուխ եղավ այս կարեւորագույն խնդիրների հետազոտման աշխատանքներին` շահելով ՀՀ զբաղվածության պետական ծառայության կողմից հայտարարված մրցույթը` «Աշխատուժի ուսումնասիրություն գյուղական համայնքներում» թեմայով:

Ինչպես ասվում է «Ամերիա» ՓԲԸ-ի տրամադրած հաղորդագրության մեջ, ուսումնասիրությունը նպատակ ուներ բացահայտել գյուղական համայնքներում առկա խնդիները, մասնավորապես` աշխատուժի զբաղվածության աստիճանը, նրանց կարիքները, փոքր եւ միջին գործարարության ներդրման, գյուղական համայնքներում տնտեսության զարգացման եւ ոչ գյուղատնտեսական զբաղվածության պայմանների ստեղծման հնարավորությունները:

Հետազոտությունն իրականացվել է Հայաստանի 8 մարզերի 15 գյուղական համայնքներում: Հետազոտվել են Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, եւ Տավուշի մարզերը:

Սոցիալական տարբեր շերտերի վերաբերյալ առավել ամբողջական պատկերացում կազմելու նպատակով` հետազոտությունն իրականացվել է 12 համեմատաբար ցածր կենսամակարդակ ունեցող եւ 3 համեմատաբար բարձր կենսամակարդակ ունեցող համայնքներում: Վերջիններիս մեջ ընդգրկվել են Բաղրամյան (Արմավիրի մարզ), Օհանավան (Արագածոտնի մարզ) եւ Մխչյան (Արարատի մարզ) համայնքները:

Հետազոտվող հարցերի շուրջ հարցում է կատարվել նաեւ գյուղական համայնքների գործատուների, կրթական հաստատությունների ղեկավարների եւ ավագանու անդամների շրջանում: Հետազոտությունների արդյունքներով «Ամերիա» ՓԲԸ-ի մասնագետները կատարել են համապարփակ վերլուծություն` անհրաժեշտ եզրահանգումներով. մշակել են նպատակային առաջարկություններ` օրենսդրական, սոցիալ-տնտեսական ոլորտների բարեփոխումների ուղղությամբ, որոնք կնպաստեն գյուղական համայնքների տնտեսության զարգացմանը - զբաղվածության խնդրի լուծմանը, աշխատուժի նպատակային եւ արդյունավետ օգտագործմանը:

Կատարված աշխատանքն ամփոփվել է ծավալուն եւ բովանդակալից հաշվետվությամբ եւ այն ներկայացնելու համար «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կազմակերպվել է շնորհանդես, որին մասնակցել են պաշտոնատար անձիք ՄԱԿ-ից, ԱՄՆ ՄԶԳ-ից, էկոնոմիկայի, գյուղատնտեսության, տարածքային կառավարման, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, կրթության եւ գիտության նախարարություններից, ազգային անվտանգության, ազգային վիճակագրության ծառայություններից, ՄԿՈՒԶԱԿ-ից, ինչպես նաեւ` շվեդ փորձագետներ եւ այլ շահագրգիռ կազմակերպություններ:



«Ամերիա»-ն համակողմանի մասնագիտական ծառայություններ տրամադրող ընկերությունների խումբ է: «Ամերիա»-ն գործունեություն է ծավալում մասնագիտական ծառայությունների չորս հիմնական ոլորտում` գործարար խորհրդատվություն. աուդիտ, հաշվապահական եւ հարկային խորհրդատվություն. իրավաբանական խորհրդատվություն. ներդրումային-բանկային խորհրդատվություն: Ընկերությունը հիմնադրվել է 1998թ-ին եւ կարճ ժամանակահատվածում առաջատար դիրքեր է զբաղեցրել խորհրդատվական ծառայությունների հայաստանյան շուկայում: Իր գործուներության ոլորտում կիրառելով միջազգային փորձը եւ համակողմանի խնդիրենրի լուծման ընթացքում ցուցաբերելով տեղական առանձնահատկությունների խոր իմացություն` «Ամերիա»-ն մասնագիտացել է հասարակական եւ տնտեսական գործունեության ավելի քան 30 բնագավառում:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---