ՀՀ դեսպան․ Ադրբեջանն արգելափակում է ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելութան իրականացումը ԼՂ-ում

ՀՀ դեսպան․ Ադրբեջանն արգելափակում է ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելութան իրականացումը ԼՂ-ում

PanARMENIAN.Net - Ադրբեջանը մեկ տարուց ավելի է արգելափակում է ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելութան իրականացումը Լեռնային Ղարաբաղում՝ տեղում ականատես լինելու հայկական մշակութային ժառանգության դեմ իրականացված ավերածություններին և վանդալիզմի այլ գործողություններին։ Այդ մասին ՅՈՒԵՆՍԿՕ-ի գործադիր խորհրդի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը։

Իր ելույթում դեսպանն անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից այս օրերին իրականացվող սադրիչ գործողություններին, որոնք խախտում են Արցախի հայության կենսական իրավունքները, այդ թվում՝ կրթության իրավունքը։ Նշվել է, որ մի քանի շաբաթ շարունակ խափանված պահելով Լեռնային Ղարաբաղը մատակարարող գազատարի աշխատանքը՝ ձմեռային ցուրտ եղանակային պայմաններում Արցախի խաղաղ բնակչությունը մատնվել էր իրական հումանիտար աղետի։

Քրիստիան Տեր-Ստեփանյանը մտահոգություն է հայտնել մարտի 24-ին և 25-ին ադրբեջանական զինուժի կողմից հայկական քաղաքացիական ենթակառուցվածքները ռմբակոծելու և Լեռնային Ղարաբաղի Փարուխ գյուղ ներթափանցելու դեպքերի առնչությամբ՝ կոչ անելով միջազգային հանրությանը միջոցներ ձեռնարկել՝ Հարավային Կովկասում իրավիճակի վատթարացումը կանխելու համար։

Ընդգծվել է, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող բռնության և ահաբեկման քաղաքականության հիմնական նպատակն էթնիկ զտումների իրականացումն է, որն ուղեկցվում է հայկական մշակութային արժեքների նկատմամբ ավերածությունների և վանդալիզմի գործողությունների իրականացմամբ ու հայկական մշակութային ժառանգությունը յուրացնելու փորձերով։

Դեսպանի կողմից վերահաստատվել է ստեղծված իրավիճակում արագ գործելու անհրաժեշտությունը՝ կոչ ուղղելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին շարունակել ջանքերը Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ փորձագիտական անկախ առաքելություն ուղարկելու ուղղությամբ։

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի` վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջ շարժվել Քարագլուխ բարձունքի ուղղությամբ: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցությունները էական արդյունք չեն տվել:

Ադրբեջանական զինուժը մարտի 25-ի գիշերը կրակ է բացել ՊԲ ուղղությամբ, Bayraktar TB-2 կիրառել: Հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, 15-ը՝ վիրավորվել։ Մարտի 26-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին դիմել է ագրեսիվ գործողությունների` փորձելով առաջխաղացում ապահովել: ՊԲ-ն դիմել է համարժեք գործողությունների:

Մարտի 26-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ Ադրբեջանի զորքերը մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի։ Մարտի 27-ի երեկոյան ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ Ադրբեջանը հետ է քաշել զորքերը Փառուխ գյուղի տարածքից։ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է այդ տեղեկությունը։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է մնալ Քարագլխի հատվածներում ամրացված դիրքերում, Փառուխն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---