Սինանյան․ Ուկրաինայից ժամանողները ՊՇՌ թեստն անվճար կհանձնեն

Սինանյան․ Ուկրաինայից ժամանողները ՊՇՌ թեստն անվճար կհանձնեն

PanARMENIAN.Net - Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, խոսելով Ուկրաինայից ժամանող հայերի մասին, հայտարարել է, որ նրանց համար ՊՇՌ թեստը կլինի անվճար։

Նա նշել է, որ տհաճ երևույթ էր ստեղծվել, երբ Ուկրաինայից փաստացի փախստականի վիճակով գալով, նրանք ստիպված էին, ինչպես Հայաստան մուտք գործող բոլոր չպատվաստված անձինք, վճարել ՊՇՌ թեստի համար, ինչին պետությունը չէր կարող չարձագանքել։

«Ժամանելով Հայաստան՝ նրանք պետք է նշեն, որ Ուկրաինայից են, նրանց կուղղորդեն համապատասխան ծառայություն՝ առանց գումարի ՊՇՌ թեստ հանձնելու»,- ասել է նա։

Նա հավելել է, որ սոցիալական ծառայություններ մատուցող բոլոր կառույցներն ամեն ինչ անում են, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետևանքով օգնության կարիք ունեցող հայերի մուտքը Հայաստան հեշտ լինի։

Սինանյանն ասել է նաև, որ այն ուկրաինահայերը, որոնք ցանկություն ունեն գալու Հայաստան, պետք է դիմեն Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակին կամ ՀՀ դիվանագիտական կառույցներին ինչպես Ուկրաինայում, այնպես էլ այն երկրներում, որտեղ հայտնվել են՝ փախչելով Ուկրաինայից։

Մարտի 24-ի դրությամբ Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան տվյալներով, ՀՀ սահմանը հատել է Ուկրաինայի մոտ 4000 քաղաքացի։

Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---