ՀԱՊՀ-ի «Խելացի լուծումների կենտրոնում» coworking space է բացվել

ՀԱՊՀ-ի «Խելացի լուծումների կենտրոնում» coworking space է բացվել

PanARMENIAN.Net - 2019-ի տարեվերջին Վիվա-ՄՏՍ ընկերության աջակցությամբ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվել է «Խելացի լուծումների կենտրոն», որտեղ յուրաքանչյուր տարի նոր լաբորատորիաներ են վերանորոգվում։

«Արդեն ունենք տեխնիկապես հագեցած և վերանորոգված 7 լաբորատորիա: Անցած տարվա վերջում վերանորոգվել է ևս մեկ լսարան, որը կծառայի որպես համատեղ աշխատանքային միջավայր՝ Հայաստանի ԲՈՒՀ-երի ուսանողների և ստարտափների համար։ Այս տարի նախատեսում ենք վերանորոգել ևս 2 լսարան։ ՀԱՊՀ-ի ուսանողներն իրենց հիմնական դասերն են անցկացնում վերանորոգված լսարաններում։

Միության գործունեության ռազմավարական կարևոր ուղղություններից է կրթությունը։ Կարևորելով կրթական համակարգ-գործատու կապը՝ մենք շարունակական ծրագրեր ենք իրականացնում այն ամրապնդելու ուղղությամբ։

Անցած տարվանից մեկնարկել է ուսանողների համար նախատեսված՝ Startup Movement նախագիծը, որն իրականացնում ենք մեր գործընկեր BANA-ի (Հայաստանի բիզնես հրեշտակների ցանց) հետ համատեղ։ Այն 21 շաբաթ տևողությամբ ինկուբացիոն նախագիծ է, որտեղ ուսանողները սովորում են մարքեթինք, ֆինանսներ, փիչինգ, անցնում են ստարտափ ստեղծելու բոլոր փուլերով և ամենակարևորը՝ աշխատում են բիզնեսից եկած խնդիրների վրա։

«Որպես երկարաժամկետ ծրագիր, մենք նախատեսում ենք համագործակցել Հայաստանի բոլոր ԲՈՒՀ-երի հետ, ձևավորել միջոլորտային ստարտափներ, որոնք կաշխատեն տնտեսության տարբեր ոլորտներում առկա խնդիրների վրա և տեխնոլոգիական լուծումներ կառաջարկեն»,- ներկայացրել է ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը:

Շնորհավորելով ներկաներին՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը հատուկ շեշտադրել է նորաբաց աշխատանքային տարածքի հնարավորությունները: Ուսանողներն իրենց ավարտական աշխատանքները և կուրսային նախագծերը կիրականացնեն տեխնիկապես հագեցած միջավայրում:

Միևնույն ժամանակ, մասնավոր գործընկերների հետ համագործակցության արդյունքում, միջավայրը նոր հարթակ կդառնա՝ խելացի լուծումներ ստեղծելու առաջնահերթությանը լծվելու համար:

«Կառուցվածքի բացակայությունը այն կարևոր խնդիրներից է, որին շատ ստարտափներ բախվում են՝ գործունեության տարբեր փուլերում: Մենք ունենք ստարտափների ակնառու օրինակներ, որոնք ուղղակիորեն սկսել են աշխատել տնային պայմաններում: Համատեղ աշխատանքային միջավայրն (coworking space) առաջին հերթին լուծում է այդ խնդիրը՝ ուսանողների համար ապահովելով արդյունավետ և համագործակցային միջավայր՝ նոր գաղափարներ ստեղծելու և դրանք իրականացնելու համար: Համատեղ աշխատանքային միջավայրի ստեղծումը երկարաժամկետ ներդրում է, որը խելացի ուսանողներին թույլ կտա ստեղծել արժեք թե' իրենց, և թե' երկրի համար», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Խելացի լուծումների կենտրոնը» ստեղծվել է Վիվա-ՄՏՍ ընկերության աջակցության շնորհիվ և հանդիսանում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դրսևորման օրինակ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---