Փաշինյան․ 44-օրյա պատերազմից հետո 208 անհետ կորած ունենք

Փաշինյան․ 44-օրյա պատերազմից հետո 208 անհետ կորած ունենք

PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմից հետո հայկական կողմը 208 անհետ կորած ունի։ Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է կառավարության նիստում՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում կայացած հանդիպմանը և նշելով, որ անդրադարձ է եղել նաև հումանիտար հարցերին։

Նա նշել է, որ Եվրամիության խորհրդի նախագահն ընդգծել է գերեվարված բոլոր անձանց ազատ արձակելու անհրաժեշտությունը:

«Քննարկել ենք նաև անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու շուրջ համագործակցելու հնարավորությունը և հարցերը: Հիշեցնեմ, որ Արցախյան երկու պատերազմներից հետո մենք 985 գտնվելու վայրն անհայտ մարդ ունենք՝ 208 հոգի՝ 44-օրյա պատերազմից, 777 հոգի՝ Արցախյան առաջին պատերազմից: Պետք է շարունակենք նրանց ճակատագիրը պարզելուն ուղղված աշխատանքը»,-ասել է նա։

Ապրիլի 6-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիի համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որն օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով զբաղվելու լիազորությամբ։

Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահն արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրի միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---