8 ապրիլի 2022 - 10:48 AMT
Բուժհաստատությունները ևս կկարողանան ծննդյան և մահվան վկայականներ տալ

ՀՀ բուժհաստատությունները ևս կկարողանան ծննդյան և մահվան վկայականներ տրամադրել։ Գործադիրը լրացում և փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով հաստատվել են ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալության սպասարկման կենտրոնի գործառույթներն իրականացնող հանրային ծառայությունների միասնական գրասենյակների և քաղաքացիների սպասարկման ոլորտում գործառույթներ իրականացնող այլ սուբյեկտների ցանկը և դրանց նստավայրերը:

Մինչ այժմ այդ ցանկում ընդգրկված էր 10 բժշկական կազմակերպություն, որոք իրականացվում էին ծննդյան քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված գործառույթներ: Փոփոխություններով նախատեսվում է ընդլայնել ցանկը՝ ի դեմս առողջապահության նախարարության կողմից գործունեության թույլտվություն ստացած բժշկական այլ կազմակերպությունների, ինչպես նաև բժշկական կազմակերպություններին վերապահել նաև մահվան քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված գործառույթներ։

Բժշկական կազմակերպությունների իրավասու աշխատակիցներն օպերատիվ կերպով կընդունեն միայն ծննդյան և մահվան գրանցման դիմումները, կմուտքագրեն դրանք և ՔԿԱԳ գործակալության կողմից դրանք ուսումնասիրելուց և հաստատելուց հետո էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային փոստով և (կամ) թղթային եղանակով կտրամադրեն հասցեատերերին։

Կբարձրացվի քաղաքացիներին մատուցվող ՔԿԱԳ ծառայությունների մատուցման արդյունավետությունը