8 ապրիլի 2022 - 12:01 AMT
Ավանի փոխթաղապետն աշխատանքից ազատման դիմում է գրել

Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Սարդարյանը։

Վերջին շրջանում Պողոսյանի անունը շոշափվում էր հանրային քննարկման առարկա դարձած միջադեպերում։

Փետրվարի 26-ին Պողոսյանը ոստիկանների կողմից բերման էր ենթարկվել Տիգրան Մեծ պողոտայից թմրամիջոց պահելու կասկածանքով՝ նրա մոտ հայտնաբերվել էր օգտագործած կաթուցիչ: Նա ասել է, որ կաթուցիչը գտել էր և մոռացել դեն նետել։ Այնուհետև Պողոսյանի տանը խուզարկության արդյունքում փոքր չափաբաժնով հաշիշ էր հայտնաբերել, քրգործ է հարուցվել։

Հաշիշի հայտնաբերմանն արձագանքելով՝ Պողոսյանն ասել էր. «Հաշիշը սարքել են հանրային քննարկման առարկա։ Սիրուն չի, տհաճ ա։ Մի հատ թող հետ գնան, պարոն Պողոսյանի ապրածը նայեն, անցած ճանապարհը նայեն, նոր գան, հասցնեն ինչ-որ պիպետկի»։

Ներսես Պողոսյանը Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ էր նշանակվել 2019թ. փետրվարի 20-ին։