8 ապրիլի 2022 - 14:07 AMT
ՀՀ նախագահն ու ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը խոսել են կրթությանը վերաբերող համատեղ ծրագրերից

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի`ՅՈւՆԻՍԵՖ ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի դերը ՀՀ-ում երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց առողջության ու կյանքի պայմանների բարելավման խնդիրների լուծման գործում:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հատկապես կրթությանը վերաբերող համատեղ ծրագրերի իրականացման շուրջ:

Նախագահն առանձնապես կարևորել է պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված, հակամարտության ազդակիր համայնքներում, ինչպես նաև սահմանամերձ շրջաններում բնակվող երեխաներին ուղղված ծրագրերի իրականացումը: Նա ողջունելի է համարվել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ջանքերն՝ ուղղված դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում ներառական կրթության ներմուծմանը:

Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ ապագայում ևս, հաշվի առնելով Հայաստանի առաջնահերթություններն ու նպատակները, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը սերտորեն կհամագործակցի կառավարության համապատասխան օղակների հետ՝ ի նպաստ երեխաների, դեռահասների, երիտասարդների իրավունքների պաշտպանության և բարեկեցության ապահովման: