8 ապրիլի 2022 - 15:34 AMT
ՄՊՀ նախագահ. նորմալ է որ հացը խանութներում տարբեր գնով է վաճառվում` մրցակցություն է

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հացի գնի բարձրացմանը՝ երբ նույն հացը տարբեր խանութներում տարբեր գնով է վաճառվում, ասել է, որ դա նորմալ է։

«Հենց այդպես էլ պետք է լինի, որ հացը տարբեր խանութներում տարբեր գնով պետք է վաճառվի։ Դա նորմալ է, դա է տնտեսական մրցակցությունը, տարբեր տնտեսվարողներ տարբեր գնով պրոդուկտ են առաջարկում»,-ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Գևորգյանը նշել է, որ Հայաստանն այն երկրների շարքին է դասվում, որոնք պարենի ծայրահեղ խնդիրներ չունեն։

«Իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, թե աշխարհում շաքարի գինն իջնում է, իսկ Հայաստանում՝ ոչ»,- ասել է նա։

ՄՊՀ նախագահը նշել է, որ ընդամենը մի քանի օր առաջ հրապարակել էին տարբեր պարենային մթերքների գներ, որտեղ հստակ ցույց էին տալիս, որ և դոլարի փոխարժեքի իջեցման պարագայում է ապրանքի գինն իջել, և աշխարհում ինքնարժեքի իջեցման պարագայում։ Նա նշել է, որ իջել են կարագի և ձեթի գները։

Նա նաև ասել է, որ հնդկաձավարի գինը բարձրացել է, քանի որ աշխարհում հնդկաձավարի պաշարի խնդիր կա, ինքնարժեքը բարձրացել է։

Ինչ վերաբերում է ձվի շուկային, մասնավորապես ավելի վաղ գրանցված գնիջեցմանը՝ Գևորգյանն ասել է, որ դա կատարվել էր այնպիսի տնտեսվարող սուբյեկտի կողմից, որն իրենց տիրույթից դուրս է։

«Ձվի գնի իջեցումը տնտեսապես հիմնավոր չէր, չափազանց էժան էր, ձվի ինքնարժեքը շատ ավելի բարձր է, քան այն գինը, որով վաճառվում էր շուկայում։ Հիմա, կարծես թե, կարգավորվել է։ Եթե Հարության տոնին ընդառաջ չարաշահումներ լինեն, ինչպես անցած, նախանցած տարի գործընթաց սկսեցինք ու պատասխանատվության ենթարկեցինք, այս տարի ևս դա կանենք»,- ասել է նա։

Գևորգայնի խոսքով, պարբերաբար հանդիպում են և նախազգուշացնում ընկերություններին, որպեսզի գործը չհասնի վարույթների։

«Մեզ հավաստիացրել են, որ խնդիր չի լինի։ Բայց մենք չենք կարող կանխագուշակումներ անել, և եթե խնդիր լինի, կմիջամտենք»,- ասել է նա։

Պաշտոնյան հայտնել է նաև, որ դիզելի շուկայում էլ մեծ խնդիրներ չունեն։